ՎՊ-ի “անհանգստությունը” եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը
Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը անդրադառնալով Վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ սկսեց աղմուկ բարձրացրած հանրային զուգարաններից: Նախարարը հերքեց, որ դրանք չեն աշխատում: Մյուս հարցը զբոսաշրջության ոլորտն է, քանի որ ՎՊ-ն գտնում է, որ նախարարությունը պետք է ստուգումներ անցկացնի: “Ռիսկերի վրա հիմնված ստուգումները”, անընդհատ ստուգումները ըստ Ավանեսյանի լավ բան չէ, եւ այդ իսկ պատճառով նախարարությունը առաջնորդվել է “ՀՀ ստուգումների մասին” օրենքով:
ՎՊ-ն նաեւ արձանագրել է, ՓՄՁ-ին ուղղված ծրագիրը անարդյունավետ է` մի քանիսը փակվել են: “Եթե մի տեղ երեք-չորս աշխատատեղ է բացվում եւ ներդրումները ավարտվում են, ապա շարունակություն չի ունենում: Սակայն մեծ մասամբ դրանք իրենց նպատակին հասնում են եւ չեմ կիսում այն տեսակետը, թե անարդյունավետ է”,-ասաց նախարարը` ավելացնելով, որ ՓՄՁ-ի ծրագիրն իրականացվում է մարզերում:
ՎՊ-ն, նախարարի խոսքով` “անհանգիստ” է նաեւ Գյումրու տեխնոպարկով: “Շինարարությունը իրականացնում ենք դեռ, սակայն բոլոր պայմանները կան, որ տեխնոպարկը հասնի իր նպատակին: Այստեղ վերապատրաստվելու են երիտասարդներ, ովքեր պիտի աշխատեն ՏՏ ոլորտում”,-ասաց էկոնոմիկայի նախարարը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վահրամ Ավանեսյանը ասաց, որ ինքը չի օգտվել բիոզուգարաններից: Դրանք նաեւ շահույթ չեն բերել, եւ չեն էլ բերելու:
“Հայաստանի կառավարությունը պուրակներ է բարեկարգում, անցումներ է գծում, դրանք եկամուտ բերում ե՞ն”,-հարցրեց նախարարը լրագրողներին: Այնուամենայինիվ նախարարը հարյուր մլն դրամով զուգարան չէր դնի: