Ամերիկան “ձեռք չի քաշելու” Հայաստանից. Ժամանակ.
“Ժամանակ” թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի հետ։
–Այս օրերին կարծես թե սրվել է “Եվրասիական միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայնագիր” հարցը: ԱՄՆ-ն, որ “Արեւելյան գործընկերություն” ծրագրի եւ դրա շրջանակներում առաջիկայում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում կանգնած է Հայաստանի կողքին, ինչպե՞ս է գնահատում իրավիճակն այն դեպքում, երբ Ռուսաստանը տարբեր մեթոդներով ճնշումներ է գործադրում ՀՀ-ի վրա:
Հայաստանի՝ Եվրամիության ճանապարհով ընթանալը շատ կարեւոր է: Դա կարեւոր է ոչ միայն Հայաստանի արեւմտյան գործընկերների համար, կարեւոր է հենց իր՝ Հայաստանի համար: Մենք ԵՄ կազմում չենք, եւ ես ներքին տեղեկություն չունեմ, թե ինչպես են ընթանում զարգացումները, բայց որքան տեղյակ եմ՝ Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում բավականին լավ առաջընթաց կա:
Ես գիտեմ, որ ԵՄ-ն ՀՀ-ի ամենախոշոր առեւտրային գործընկերներից մեկն է, եւ այդ ուղղությամբ զարգացումները կօգնեն, որ Հայաստանը կարողանա ներգրավել ավելի շատ ներդրումներ ոչ միայն ԵՄ երկրներից, այլեւ ԱՄՆ-ից ու այլ երկրներից: Իսկ ԱՄՆ-ի տեսանկյունից ես որեւէ խնդիր չեմ տեսնում ԵՄ-ի ու ՌԴ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում: Դրանք միմյանց որեւէ կերպ չեն խոչընդոտում: Իսկ Եվրամիության ճանապարհով ընթանալը կարեւոր ճանապարհ է, եւ մենք կուզենայինք ՀՀ-ին տեսնել այդ ուղու վրա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա ըստ Հեֆերնի, ՌԴ-ի դեսպանը չեմ, ՌԴ-ի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել: Ուղղակի կարող եմ ասել, որ ՀՀ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ որեւէ կերպ անհամադրելի չեն մեզ հետ համագործակցությանը: Եվ մենք շարունակելու ենք Հայաստանի հետ աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի հրաժարվել դրանից:
Հարցազրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում: