Ինչու գնդապետը Բուդաղյանը կդառնա մեղադրյալ. Առավոտ
“Ինչո՞ւ պետք է անպայման տուժող ճանաչվեր”,- թե ինչու հետաձգվեց Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը, “Առավոտ”-ի հարցին հարցով պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը:
Նրա խոսքերով, պետք է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից էլ հետաքրքրվել` ինչու է պնդում, թե Արտակ Բուդաղյանը պետք է տուժող ճանաչվի. “Ճիշտ կլիներ, որ իրենից հարցնեիք` ինչու է պնդում, որ տուժող պետք է ճանաչվի: Նախաքննությունն ընթացքի մեջ է, ինքը գործի նյութերին այնպես ծանոթ չէ, ինչպես` ես: Ինչո՞ւ է Ալումյանը այդ կարծիքին եկել, ես առայժմ հիմնավորումներ չեմ տեսնում եւ գտնում եմ, որ նախաքննական մարմինը շատ ճիշտ է վարվել”:
Թերթի այն հարցին, իսկ ինչո՞ւ չպետք է ճանաչվի որպես տուժող, պարոն Սահակյանն ասաց. “Ես կարիք չունեմ պարզաբանումներ տալու: Ձեր հարցին ընդամենը պատասխանեցի, որ Ալումյանը թող պարզաբանումներ տա”:
Պարոն Սահակյանն ասաց, որ մեծ հավանականություն կա, որ գործում Բուդաղյանը ոչ թե տուժող, այլ մեղադրյալ կընդգրկվի. “Հնարավորությունը շատ-շատ ռեալ է, բայց ոչ ես, ոչ իմ վստահորդը` Տիգրան Խաչատրյանը, բայց հասկանալի է, որ ինձ հետ պայմանագիրը կնքել է Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Սուրիկ Խաչատրյանը նման ցանկություն չունենք, որ Արտակ Բուդաղյանին անպայման մեղադրանք առաջադրվի: Բայց գտնում ենք, որ առաջադրելու բավարար հիմքեր կան: Իսկ եթե բավարար հիքմեր կան մեղադրանք առաջադրելու, ապա ի՞նչ տուժող ճանաչելու մասին է խոսքը”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: