Ապրիլի 9-ին էլ լիներ, կբողոքեին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խնդրեց պարզաբանել Կառավարության դիրքորոշումը ապրիլի 2-ին ընտրությունների օրը փոխելու հարցի վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հարցը երկու ենթահարցերից է բաղկացած և համաձայնեց, որ Սահմանդրության մեջ առկա է անհամապատասխանություն, և երկու հոդվածները միմյանց չեն համապատասխանում:
Բայց միաժամանակ ընդգծեց, որ եթե լինում են նման իրավիճակներ, ապա ՍԴ մեկ նախադեպը հուշում է, որ նյութականը գերակա է ընթացակարգային հոդվածի նկատմամբ: «Ուստի հենց ինքը՝ ՍԴ-ն ասել է, որ նման անհամապատասխանության դեպքում պետք է գերակա լինի ԸՕ-ի 89 հոդվածը»,-ասաց նա և նշեց, որ կա հնարավոր երկու ամսաթիվ՝ 2-ին և 9-ին, սակայն երկու դեպքում էլ, ըստ նրա, քաղաքական ուժերը դժգոհելու պատճառ կգտնեին:
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա նախարարն ընդգծեց, որ ապրիլի երկուսին տոնակատարություն չի անցկացվում երկրում, այլ ընդամենը քվեարկության օր է: «Բայց եթե այդքան հարցը զգայուն է, ապա ՀՀ նախագահի հարցադրումը շատ պարզ է, որ քանի որ մենք կարող ենք մեկ շաբաթով տեսականորեն տեղափոխել, պետք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք կգրանցվեն, գան համաձայնության, որ այս երկարաձգումը էական նշանակություն չի ունենալու և պաշտպանում են դա, և առիթը չեն օգտագործի՝ քվեակության արդյունքները վիճարկելու համար….»,-Դավիթ Հարությունյանի խոսքը կիսատ մնաց՝ ժամանակի սպառման պատճառով: