Եթե Օսկանյանը միանա “Հանրապետականին” , կպարզվի` նա մայր Թերեզան է. քաղաքագետ
“Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր “Հենարան” ակումբում անդրադարձավ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի գործին:
“Ես չեմ քննարկի այն, թե այդ գործը իսկապես կապված է այն հանցանքների հետ, որոնք կատարել է պարոն Օսկանյանը, թե դա քաղաքական ենթատեքստ ունի: Դա ակնհայտորեն այնպիսի գործ է, որը կապված է քաղաքականության հետ: Վարդան Օսկանյանը երկրորդ մարդն է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունում, որը նախագահական ընտրություններում բավականին լուրջ մրցակից կլինի:
Տարբեր երկրներում քաղաքական գործիչները պայքարում են տարբեր գործիքներով` մի երկրում դա “Կալաշնիկով” ինքնաձիգն է, մյուսում` ճնշում գործադրելու տարբեր ձեւերը, մեկ այլ երկրում` մամուլը կամ կոմպրոմատները”,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով` սա պարզապես միջոց է “Բարգավաճ Հայաստան” կուսակցության “մեջքը կոտրելու”, ինչը փորձ եղավ անել նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, սակայն փորձը ձախողվեց, քանի որ “Բարգավաճ Հայաստանը” չաջակցեց հանրապետականներին եւ կոալիցիայի մաս չկազմեց:
Քաղաքագետը կարծում է, որ այժմ ճնշում գործադրելու մեթոդները բավականին լուրջ են, սակայն դրանք կարող են նաեւ հակադարձ ազդեցությունն ունենալ, քանի որ կարող են առաջ քաշել “Բարգավաճ Հայաստանի” զայրույթը, ինչի արդյունքում հանրապետականների համար հակառակ արդյունքը կստացվի:
“Պարոն Օսկանյանին ձերբակալել չի կարելի, քանի որ դա Հայաստանի նկատմամբ դրսից այնպիսի արձագանք կառաջացնի, որ օգուտն ավելի քիչ կլինի, քան վնասը: Այս պայքարում կպարտվի նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան”,-նկատեց քաղաքագետը:
Բանախոսի համոզմամբ` իշխանություններին նյարդայնացնում է ոչ թե այն, որ “Բարգավաճ Հայաստանը” կմասնակցի ընտրություններին, այլ այն, որ այս կուսակցությունն իսկապես կարող է ձայների լուրջ քանակություն հավաքել:
Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց նաեւ, որ կարեւոր չէ` ինչ մեղադրանքներ են ներկայացվել Օսկանյանին, քանի որ այս գործի հիմքում քաղաքականությունն է: “Եթե վաղը պարոն Օսկանյանը միանա Հանրապետական կուսակցությանը, կպարզվի որ նա մայր Թերեզան է, եւ այդ հարցը կդադարի արդիական լինել”,-նշեց քաղաքագետը: