Արտեմ Ասատրյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 7-ին նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանին:
Նախարարը շնորհավորել է Աշոտ Մարգարյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ, բեղմնավոր գործունեություն և հաջողություններ համատեղ աշխատանքում:
«Վստահ եմ, որ Աշոտ Մարգարյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, իր ունեցած փորձառությամբ, գիտելիքներով շատ օգտակար կլինի նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում: «Լույս» հիմնադրամի շրջանավարտ է, արտասահմանում ստացել է լավագույն կրթություն և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ներքո, պարոն Մարգարյանի ներդրումը նշանակալի կլինի բոլոր առումներով: Հրամանով կհաստատվեն նաև այն ուղղությունները, որոնք համակարգելու է նորանշանակ նախարարի տեղակալը»,-ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Աշոտ Մարգարյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, նախարարին սոցիալական պաշտպանության ոլորտում վստահության և իրեն ընձեռված հնարավորության համար և հույս հայտնել, որ շատ կարճ ժամանակում կծանոթանա աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ: «Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կայուն և երկարատև է լինելու»,- նշել է նորանշանակ նախարարի տեղակալը:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը նույնպես շնորհավորել են Աշոտ Մարգարյանին և ողջունել, որ նորանշանակ փոխնախարարը համարձակորեն ստանձնել է ամենաբարդ ոլորտներից մեկում աշխատելու պատրաստակամությունը:
Աշոտ Մարգարյանը ծնվել է 1989թ. հոկտեմբերի 14-ին՝ Երևանում: 2006թ. գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84-րդ միջնակարգ դպրոցը: 2006 թվականին ընդունվել է ԵՊՀ քաղաքագիտության բաժին, որն ավարտել է 2012 թվականին՝ բակալավրի որակավորմամբ: 2007-2009թթ.-ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: 2011թ. Լոնդոնի «LSI»-ի ուսումնական կենտրոնում անցել է մասնագիտական թարգմանության դասընթացներ:
2012-2013թթ. Լոնդոնի համալսարանական քոլեջի սլավոնական և արևելաեվրոպական ուսումնասիրությունների դպրոցում ստացել է քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրոսի կոչում: 2015թ. հունվար-հունիս ամիսներին «Տավիտյան» կրթաթոշակով ուսանել է «Հանրային կառավարում և վարչարարություն» Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
2014թ. նշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետի օգնական: 2016թ. նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Երկու տասնյակից ավելի գիտական և վերլուծական հոդվածների հեղինակ է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին