Վարդանիկը ատում է լրագրողներին. Ժամանակ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանել է “Ժամանակ”-ի հարցերին: Ներկայացնում ենք մեկ հատված:
-13 տարի քաղաքապետ էիք, բայց չէ՞ որ Դուք էլ չկարողացաք երկրաշարժի հետեւանքները վերացնել այդքան տարի:
-Ո՞վ ասաց, թե չեմ վերացրել երկրաշարժի հետքերը, այդ տները իմ արյունով են կառուցված եւ իմ գործընկերների… ես առաջին կարգի հաշմանդամ դարձա, իմ հորեղբոր տղան մահացավ. ամբողջը դրա հետեւանքներն են, աղջիկ ջան, դու ինձ մի խառնի մնացածների հետ, մնացածը սատանայական են:
–Երկու ընտանիքների դարավոր թշնամությունը, որի արտահայտությունը տեսանք փետրվար ամսին, հարթվե՞լ է:
-Մենք ոչ մեկի թշնամի չենք: Մենք իրար ընկերներ ենք ու ախպերներ, ի՞նչ կլաններ, ամբողջ ազգին սուտ լուրեր եք տալիս, հետո սարքում կլաններ: Հանգիստ ապրեք, մենք բարեկամներ ենք, մենք իրար թշնամիներ չենք, մենք իրար բալա չենք սպանել: Դուք եք անում, որ այդպիսի բաներ են լինում, քո տերերը:
–Այսինքն՝ Դուք մամուլի նկատմամբ ունեք թշնամա՞նք, իրար հետ կռվում եք, հետո մեղադրում մամուլի՞ն:
Ես զզվում եմ ձեզնից, ատում եմ: Վայրենի, երկիր քանդող մի մամուլ եք, դուք եք, դուք, ամբողջ քանդողը դուք եք: Դուք սպանեցիք Ազգային ժողովը: Ես նմանատիպ մամուլ չեմ ուզում տեսնել: Դուք եք մեր երկրի քանդողը, որովհետեւ պատվեր եք կատարում:
–Ստացվում է՝ իշխանությունները երկիրը թալանում են, Դուք էլ 13 տարի իշխանության մեջ էիք, թալանում եք, իսկ մեղավորները լրագրողնե՞րն են, որ բարձրաձայնում են:
-Ես հայի զավակ եմ եւ ցավում եմ, որ իմ երկիրը դատարկվում է: Լսի՛ր, ինձ պաշտոն պետք չէ, դուք սարքեցիք իմ գլխին, ձեր տերերը արեցին այս ամենը, ես վախ չունեմ, ես միայն Աստծուց եմ վախենում, եւ դուք եք քանդել հայոց երկիրը, բայց հայոց երկրի տերը բարձրյալ Աստված է՝ Գրիգոր Լուսավորչի գլխավորությամբ:
–Ամբողջ աշխարհում չորրորդ իշխանությունը այդքան գնահատված է, մինչդեռ Դուք չեք կարեւորում դրա նշանակությունը քաղաքացիական հասարակության կայացման գործում:
-Ինչ արեց՝ չորրորդ իշխանությունը արեց, էդ թափանցիկությունը, էդ անկախությունը, դրա համար զզվում եմ ձեզնից, որովհետեւ սուտ եք: Ես իմ աշխատած ժամանակ ձեր կողմից մեկ անգամ չտեսա, որ ճշմարտությունը ներկայացնեք՝ բացի վատաբանելուց, լավն էլ վատաբանությամբ էիք ներկայացնում: Ես ձեզ ատում եմ, զզվում ձեզնից, ես ձեզ չեմ հարգում, ամբողջ հսկայական լրատվական կառույցն ատում:
Հարցազրույցը ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: