Հավատա՞լ Կիպրոսի դատախազին. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամբ Աբրահամյանն անդրադարձել է օֆշորային խնդրին եւ Կիպրոսի դատախազի խոսքին:
Քաղաքագետները, մեկնաբանները, վերլուծաբանները, բնականաբար, ոչ միայն Հայաստանում միշտ հակված են ցույց տալու, որ գիտեն ավելին, բան մենք՝ հասարակ մահկանացուներս։ Նրանք ամեն մի թփի տակ փնտրում են կլանային պայքար, խարդավանքներ, Բաղրամյան 26 եւ այլն։ Այդ ամենը, իհարկե, կա եւ միշտ կլինի։ Ցանկության դեպքում նույնիսկ Արմավիրի մարզում տեղացած կարկուտը կարելի է կապել 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Բայց դրանք քաղաքագիտական մտքի թռիչքներ են։ Իսկ մեզ հետաքրքիր է իրադարձությունների, այսպես ասած, “փաստագրական” կողմը։
Կասկածելի համբավ ունեցող գործարար Աշոտ Սուքիասյանը եւ “կոռուպցիոն ռիսկերով լի” Հայաստան երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում են, որ առաջինը երկրորդի կամքից անկախ գրանցել է վարչապետին որպես Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր։ Հենց սկզբից դա շատերին, այդ թվում՝ ինձ, անտրամաբանական էր թվում, սակայն այս հարցերում պետք է շարժվել ոչ թե տրամաբանությամբ, այլ գիտելիքներով, տեղեկատվությամբ։
Ո՞վ կարող է այս հարցում պարզություն մտցնել՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Դա պետք է լինի մի մարդ, որը ծանոթ է Կիպրոսի օրենսդրությանը։ Ենթադրում եմ, որ հենց այդպիսի մարդ է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը։ Հենց նրան էլ դիմել է “Ազատության” ռադիոկայանը։
Հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին Կիպրոսում օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության։ Լրագրողի հարցը դրված է պարզ եւ հստակ։ Ճիշտ նույնպիսին է Կիպրոսի գլխավոր դատախազի պատասխանը՝ ոչ, հնարավոր չէ։ Հիմա ես չեմ՝ դուք եք։ Ենթադրենք, շատ եք սիրում ներկայիս վարչապետին, ենթադրենք, հասկանում եք, որ “քյարթու” օլիգարխիան նրա հետ խնդիրներ ունի, դուք ո՞ւմ կհավատաք՝ Տիգրան Սարգսյանին եւ Աշոտ Սուքիասյանի՞ն, թե՞ Պետրոս Կլերիդեսին։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: