Վարորդներն այդ մասին չգիտեն կամ ՃՈ-ն եւ կոռուպցիոն ռիսկը
“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց մի շարք դեպքեր, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր:
Նա տեղեկացրեց, որ ԱՊՊԱ-ի նոր կտրոն ունենալու և մեքենայի դիմապակուն չփակցնելու դեպքում տուգանքը չի կազմում 150 հազար դրամ. “ԱՊՊԱ-ի վերաբերյալ բոլոր դատերը շահեցինք: Հարցն այն էր, որ եթե վարորդը ունի գործող ԱՊՊԱ կտրոն, սակայն դիմապակուց չի հանել հինը, պետք է տուգանվի ոչ թե 150 հազար, այլ 10 հազար դրամ: Վարորդներից շատերը չգիտեն այդ մասին, և ՃՈ-ի հետ շփման ժամանակ առաջանում է կոռուպցիոն ռիսկ :
Է. Հովհաննիսյանը հայտնեց, որ բազմաթիվ զանգեր է ստանում այն մասին, որ վարորդները խախտման վերաբերյալ ծանուցում ստանում են քառասուն օր ուշ. “Վարորդը նույն տեղում օրեր շարունակ կանգնում է, սակայն տվյալ տեղամասում կանգառն արգելվում է: Ստացվում է, որ նա ամեն օր տուգանվում է նույն խախտման համար. այդպես քառասուն օր, մինչև կստանա առաջին խախտման ծանուցումը”:
Խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների վերաբերյալ ՀԿ նախագահն ասաց, որ դրանց թիվն արդեն հարյուրի է հասել, և բոլորի տեղերը հիշել հնարավոր չէ:
Նրա համոզմամբ, դա տվել է վարորդներին հնարավորություն սովորելու երթևեկության կանոնները, և եթե մինչ հիմա 99% վարորդները չգիտեին ճանապարհային երթևեկության կանոնները, ապա այժմ այդ թիվը նրա խոսքով հասել է 90%-ի:
Ամրագոտիների կիրառման մասով պարոն Հովհաննիսյանը նշեց, որ շահել են բոլոր այն գործերը, որտեղ ՃՈ-ն չի կարողացել ապացուցել ամրագոտու բացակայությունը:
“Տեսուչները չգիտես ինչ պատճառով կանգնեցնում են, հետո ասում են` գրենք ամրոգոտու խախտում: Երբ վարորդը չի ստորագրում խախտման տակ, մենք կարող ենք շահել այդ գործը, քանի որ ապացուցման բեռը դրված է ՃՈ-ի վրա, նրանք դա չեն կարողանում ապացուցել”:
“Աքիլլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահն ասաց, որ նախորդ տարի 130 գործով են դիմել դատարան, իսկ այս տարի կա 60 ավարտված գործ և ընթացքի մեջ է 50-ը: Նրա խոսքով, թվի կրճատումը կապված է դատարան դիմելու հիմքերի նվազմամբ: