Պատգամավորի ընտանիքը չի կատարել հարկային պարտավորությունները. Առավոտ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով “Դիլիջան առողջարան” ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ: Թեմային անդրադառնում է “Առավոտ”-ը:
Ըստ “Դատալեքս” տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով:
Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ “Դիլիջանի առողջարան” ՓԲԸ-ի բավարարել մասնակի եւ այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ, հայցը մնացած՝ 4 միլիոն 155 հազար 265 դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել:
Սույն վճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել: Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող առողջարան-հյուրանոցը Դիլիջանի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, այն հայտնի է նաեւ “Դիլիջան Ռեզորթ” անունով:
Թերթի տեղեկություններով՝ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի է “Դերժավայի Արկադի” անունով) ընտանիքին: