Ինչո՞վ է պայմանավորված տրանսֆերների կտրուկ աճը
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է մասնավոր տրանսֆերների՝ 2016 թվականի տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016-ի դեկտեմբերին տրանսֆերները դեպի Հայաստան կտրուկ աճել են` հասնելով 211 միլիոն դոլարի, որը ամենաբարձր ցուցանիշն է անցած երկու տարիների ընթացքում:
Մամուլում քննարկվում է այն վարկածը, որ տրանսֆերտների նման աճը տարեվերջին կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական բանկերի նվազագույն կապիտալը 5 միլիարդ դրամից 30 միլիարդ դրամի հասցնելու համար բանկերի որոշ սեփականատերերի անուններով հսկայական գումարներ են մուտք գործել Հայաստան, որը, փաստորեն, տեխնիկապես համարվել է մասնավոր տրանսֆեր:
Henaran.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց՝ չի կարող բացառել վերոնշյալ վարկածը, բայց, ամեն դեպքում, համաձայն չէ այս պնդման հետ:
Ըստ Բոստանջյանի՝ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են ՌԴ-ում, կարողանում են ելք գտնել, աշխատանք գտնել, եթե անգամ ՌԴ-ում տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ: Եվ տրանսֆերների աճը ուղիղ կապ ունի այս հանգամանքի հետ:
«Թեև ՌԴ-ում տնտեսության վիճակը լավ չէ, բայց այնտեղ, այդուհանդերձ, աշխատատեղեր կան, իսկ հայերը իրենց գործում լավ որակավորում ունեն, բարձր որակի աշխատանք կարողանում են ապահովել: Մեր հայրենակիցները կարողանում են գնալ ու անգամ կարճ ժամանակահատվածում տեղում գտնվողներից էլ առաջ անցնել: Հրեաների ու հայերի պես աշխատասեր, հնարամիտ ազգերը այդպիսի հատկություններ ունեն», – նշեց տնտեսագետը: