Հղիություն ընդհատող հաբերը հանգեցնում են արյունահոսության

Այսօր՝ հունիսի 28-ին կայացած ասուլիսի ժամանակ մասնագետները անդրադարձան դեմոգրաֆիկան աճի խնդիրներին: Մանկաբարձ գինեկոլոգներին հատկապես անհանգստացնում է արհեստական ընդհատվող հղիությունների խնդիրը, որը կապված է լինում հատկապես դեռ չծնված երեխայի սեռի հետ:
Մանկաբարձ -գինեկոլոգ Մերի Թադևոսյանը նշեց, որ հղիության սկզբնական փուլում երեխայի սեռը պարզելուց հետո շատ հաճախ գնում են հղիության ընդհատման քայլին. «Պետք է այնպիսի օրենք ընդունել,որը թույլ չի տա ծնողին իմանալ երեխայի սեռը և որոշել` պետք է հղիությունն ընդհատել, թե ոչ»,- կարծում է մասնագետը:
Մանկաբարձ-գինեկոլոգը գտնում է, որ վերջերս մեր դեղագործական ընկերությունները վաճառում են հղիության ընդհատման մատչելի հաբեր, որոնք կանայք օգտագործում են` առանց բժշկի հետ խորհրդակցելու, որն էլ հանգեցնում է կանանց մոտ արյունահոսության: «Ես խնդրում եմ մեր բոլոր հղիներին` լավ մտածեք մինչ անցանկալի հղիությունն ընդհատելը, իսկ եթե, այնուամենայնիվ, որոշել եք նման բան անել, ապա խորհրդակցենք բժշկի հետ»,- տեղեկացրեց Մերի Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է անվճար ծննդօգնությանը, ապա դա հաստատ չի կարող խթանել ծնելիությունը, քանի որ խնդիրն ավելի խորն է, այն առաջին հերթին սոցիալական է:
Ասուլիսի մյուս բանախոս, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ (ՄԱԲՀ) Գործադիր ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանի խոսքով էլ Հայաստանում լուրջ խնդիր է երկրորդային անպտղությունը: Այն մոտ 14% է:
Գարիկ Հայրապետյանը կարծում է, որ հղիության ընդհատումը ողջ աշխարհում նպաստում է մայրական մահացությունների աճին: Նա նշեց, որ բարեբախտաբար Հայաստանում մայրական մահացությունների դեպքերը քիչ են .«Կարծում եմ` հղիության ընդհատման արգելումը մեզ մոտ կնպաստի կոռուպցիայի աճին: Պետք է հղիության ընդհատումը չարգելվի, պետք է այնպես անել, որ ընտանիքը ցանկանա ունենալ այդ երեխային, իսկ եթե, այնուամենայնիվ, չի ցանկանում, ապա այնպես անել, որ կինը պաշտպանվի ու բանը չհասնի հղիության ընդհատմանը»,- ասաց նա:
Գագիկ Հայրապետյանը փաստեց, որ Հայաստանը երեխայի սեռի պատճառով հղություն ընդհատող 3-րդ երկիրն է համարվում :
Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդավարության բաժնի պետ Կարինե Կույումջյանն էլ խոսելով ծնելիության ու մահացության ցուցանիշների մասին, ասաց , որ մինչև 2010 ծնելիության աճ արձանագրվեց, իսկ հաջորդ տարվանից սկսած այն նվազեց: Մահացության առումով էլ այս տարվա տվյալներով նվազել է մինչև մեկ տարեկան երեխաների մահացությունը և ավելացել` մեծահասակների մահացությունը: