ՄԻՊ գրասենյակում բաց քննարկում՝ Փակ շուկայի խնդրով
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հունիսի 28-ին տեղի ունեցած բաց քննարկումը Երեւանի Փակ շուկային էր վերաբերում:
Ըստ ՄԻՊ-ի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի քաղաքաշինության եւ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան գրությունների համաձայան, Փակ շուկայի տարածքում իրականացվող շինարարությունը ապօրինի է: Ըստ որոշման տրվել էր ստորգետնյա կառուցման իրավունք, ոչ թե արտաքին: “Ուստի քաղաքապետարանը վերջերս ապամոնտաժես սյուները, սակայն կարծես էլի շարունակվում է ապօրինի շինարարությունը”,-ասաց ՄԻՊ ներկայացուցիչը:
Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Սարգսյանի խոսքով, ցանկացած շինարարության դեպքում պետք է լինի թույլտվություն: “Թիվ 1 փակ շուկա” ՍՊԸ-ին տրվել է թույլտվություն շուկայի ստորգետնյա հատվածում կառուցումներ անելու համար: “Բայց նա ինքնակամ է վերգետնյա շինարարություն սկսել: Շինթույլտվություն տվել է Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքի տերը քաղաքապետն է”,-ասաց նա: Նախարարության միակ գործառույթը այստեղ մեկն է դիմել Երեւանի քաղաքապետարանին՝ արգելելու շինարարությունը:
“Մենք դա արել ենք, ու քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է: Մենք այլ լիազորություն չունենք”,-ասաց քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը՝ավելացնելով իրենց դիրքորոշումը. Փակ շուկան պիտի պահպանի իր նախկին տեսքը:
Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչ ճարտարապետ Մելիքյանը նշեց, որ շուկայի արժեքը ներսի կամարներն են, որոնք իր ունեցած տեղեկություններով պահպանված չէ՝ կիսով չափ քանդվել են: Այդ իսկ պատճառով շինարարությունը իրականացոնղ ընկերությունը երկու անգամ տուգանվել է:
Ճարատարպետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը իր խոսքում հիշեցրեց, որը խոսքը սովորական շինության մասին չէ, այլ ճարտարապետական կառույց-հուշարձան: “Ապամոնտաժ չի արվում, ինչպես ասում են բարձրաստիճան իշխանությունները: Ցավն այն է, որ մի քանի գերատեսչություններ չկարողացանք պահել այդ հուշարձանը”,-ասաց Մինասյանը: Վերջինս չի հավատում, որ շուկան կունենա նախկին տեսքը: “Որտեղ ա տրամաբանությունը, հարկեր են կառուցել: ափսոս որ այդպես եք վերաբերում մշակույթի գոհարին”,-ասաց Մինասյանը: