Հարգում է որոշումները
Henaran.am-ը Վանաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանից հետաքրքրվել է, թե արդյոք ինքն էլ է առաջադրվելու ռեյտինգային համակարգով, ինչպես է վերաբերում ՀՀԿ-ից արտահոսքին:
-Պարո՛ն Դարբինյան, դուք այլևս քաղաքապետ չեք, և ապագայում էլ խորհրդարանական ընտրություններն են: Հնարավո՞ր է` Ձեզ տեսնենք ՀՀԿ-ի ցուցակում:
-Ես ոչ մի անգամ պատգամավորի թեկնածուի համար չեմ առաջադրվել, ընդհանրապես դա իմ հայացքներից դուրս է, ես գործի մարդ եմ, ես տնտեսություն զարգացնող, շինարար մարդ եմ, ի վերջո, ու զբաղվելու եմ շինարարությամբ:
-Այսինքն` ընտրություններին չեք մասնակցելու:
-Ոչ, չեմ մասնակցելու:
–Ամեն դեպքում մնում եք ՀՀԿ անդամ: Ձեր հարազատ կուսակցությանն օգնելո՞ւ եք:
-Այո:
-Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ ՀՀԿ-ից, շուտով Մհեր Սեդրակյանն էլ, հավանաբար, նրան կհետևի…
-Ես ուրիշի գործերին գնահատական տվող չեմ: Նրանք յուրաքանչյուրն էլ շատ ղայդին մարդիկ են, և իրենք կարողանում են իրենց անելիքն իրենք որոշեն: Ես հարգում եմ և՛ Հովիկ Աբրահամյանին, և՛ Մհեր Սեդրակյանին, իրենք իմ կուսակից ընկերներն են եղել: Մենք իրար հետ կուսակցական երկար աշխատանքի ճանապարհ ենք անցել:
Բայց այնուամենայնիվ, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անելիքը: Ես իրենց, որպես մարդ, որպես ընկեր, հարգում եմ: Բայց ես իմ տեղն եմ պատասխանատու, և ես ասում եմ` ես հոգով հանրապետական եմ, աջակցելու եմ ՀՀԿ-ի բոլոր աշխատանքներին:
–Սա ՀՀԿ-ի կազմաքանդման մասին չի՞ խոսում:
Իհարկե, ոչ: