Կենսաթոշակի համար այլևս պարտադիր չէ Հայաստան վերադառնալ
Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ ևս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։ Պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի` կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու մասին։
Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման` կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլևս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը և պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:
Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր արձագանքները` նշենք, որ Պաշտպանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան ոչ միայն նորմերը հակասահմանադրական ճանաչելու, այլ նաև նորմերի կիրառման վերաբերյալ իրավական դիրքորոշում ստանալու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը տվյալ գործով հերթական անգամ ընդունել է Պաշտպանի իրավական դիրքորոշումները, որի արդյունքում հետագայում կբացառվի ‘Պետական կենսաթոշակների մասին’ ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը: