Մենք մտնում ենք քաոսի փուլ. Փաստ
Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ
-Ընտրական գործընթացները մեզանում ինչ զարգացում են ունեցել: Այդ զարգացումն ինչ տրամաբանությամբ է ընթացել:
-Դժվար է տրամաբանության մասին խոսելը: Իշխանության ներսում միշտ եղել են խնդիրներ, ընթացել է իշխանության պայքար, որի համար օգտագործվել են ընդդիմության մեջ եղած ուժերը: Վերադասավորումների արդյունքում ժամանակ առ ժամանակ ընդդիմության մի մասը դարձել է իշխանություն, կոալիցիա կազմել իշխանության հետ: Իշխանության մի մասն էլ համալրել է ընդդիմության շարքերը: Եվ այս գործընթացի հիմնական ցիկլերը տեղի են ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլերի ժամանակ: Հիմա այդ տրամաբանությունը խախտվել է` կապված նոր Սահմանադրության պահանջների հետ:
-Ձեր նշած գործընթացները որքանով են եղել քաղաքական:
֊Եթե իշխանության համար պայքարն անվանենք քաղաքականություն, ապա այո, քաղաքական տրամաբանության մեջ է: Եթե քաղաքականություն անվանենք գաղափարական պայքարը, ապա Հայաստանում քաղաքականություն չկա:
-Իսկ ընտրական այդ մեխանիզմը մեզ այսօր ինչ հանգրվանի է հասցրել:
֊Եթե ընդհանուր բնորոշենք, Հայաստանում մինչև հիմա միշտ եղել է գլխավոր արբիտր’ ի դեմս պետական ռեսուրսներով ընտրված նախագահի: Հիմա նման նախագահ չի լինելու: Եկող նախագահը նշանակվելու է խորհրդարանի կողմից: Այսինքն, այդ պրոցեսներն ընթանալու են առանց գլխավոր արբիտրի: Թե ստվերային միջոցներով ով ինչպես կկարողանա վերահսկել գործընթացը’ մեկ բան է:
Բայց ֆորմալ առումով այդ վերահսկողությունը չի լինելու: Սակայն արբիտրի բացակայությունը ապագայում իր ազդեցությունն է թողնում նաև այսօրվա վրա: Մարդիկ հասկանում են, որ իրենց գլխի ճարը պետք է ինքնուրույն տեսնեն: Ուստի կարող ենք ենթադրել որ լինելու է տարբեր խմբավորումների միջև պայքար:
Ընդ որում, դա չի լինելու միայն ընտրությունների ժամանակ, և չի լինելու միայն քաղաքական տեխնոլոգիաներով: Կարող է լինել և զենքի, և կոմպրոմատների միջոցով, կարող է այլ արտահայտություններ ստանալ: Այսինքն` կա մեծ հավանականություն, որ մենք մտնում ենք քաոսի փուլ:
-Ձեր խոսքը վերաբերում է հետընտրական զարգացումներին:
-Հիմնականում այո, բայց չեմ զարմանա, եթե ընտրությունների ժամանակ էլ որոշ տեղերում զենք կիրառվի:
֊Իսկ իշխող կուսակցությունը հավաքական ձևով չի կարող ստանձնել արբիտրի այդ դերը:
-Այն, որ կուսակցության կարկառուն դեմքերն սկսել են դուրս գալ, նշանակում է, որ այդ կուսակցության մեջ չկա համախմբում: Ինչը հասկանալի է` եթե չկա գաղափար, չկան բարոյական և քաղաքական որոշակի նորմեր, բնականաբար, շահերի և մորթապաշտության սկզբունքը գնալով զարգանում է: Իսկ դա նշանակում է, որ որպես միասնական կուսակցություն ՀՀԿ-ն իրականում չկա:
-Այս համատեքստում ինչ զարգացումներ են սպասվում:
-Կարծում եմ գործընթացի գլխավոր մասնակիցներն անգամ չգիտեն,թե զարգացումն ուր է տանելու:Հիմա սկսվում է Բռոունյան շարժում
` միավորումներ, տարանջատումներ, դրսից հովանավորների փնտրտուքներ: Այս գործընթացն արդեն ինքնաբուխ է: Ու դեռևս ոչ ոք չի կարող ասել, թե ինչի կհանգեցնի:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: