25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նախընտրական խճանկար…ով ում հետ ու ում դեմ կպայքարի

Արդեն աստիճանաբար պարզ է դառնում, թե որ քաղաքական ուժերն ու դաշինքներն են մասնակցելու ու ակտիվ պայքար տանելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Եվ այսպես, առանձնացնենք գոնե մինչև այժմ որոշակի հայտարարությաններով հանդերձ եկածներին:

Ազգային ժողովում առկա կուսակցություններից իշխող «Հանրապետականն», ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ: Արդեն իսկ հայտարարվել է, որ ցուցակը գլխավորելու է ՀՀ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Ասվել է նաև, որ եթե վարչապետ Կարեն Կարապետյանը օրենքով սահմանված կարգով կարողանա մասնակցել ընտրություններին (խոսքը վերջին 5 տարիներին Հայաստանում բնակվելու մասին է), ապա նա էլ կլինի ցուցակի առաջին համարներից մեկը:

ՀՀԿ-ի ցուցակում հավանաբար կլինեն նաև մի շարք նախկին ԲՀԿ-ականներ, ինչպես օրինակ` Արագած Ախոյանը, Մարտուն Գրիգորյանը:

Կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ը ևս միայնակ է մասնակցելու: Նմանատիպ որոշում ունի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ևս, չնայած կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք բաց են համագործակցության համար:

«Բարգավաճ Հայաստան»-ի նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձին հաջորդելու է նրա վերընտրվելը կուսակցության նախագահի պաշտոնում: Կձևավորվի նաև «Ծառուկյան» դաշինքը, որի շուրջ մի շարք ուժեր ու կուսակցություններ կհավաքվեն: Արդեն հանդիպում է եղել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, ով կլինի ԲՀԿ-ի ցուցակում, հավանաբար 5-րդ հորիզոնականը կզբաղեցնի: Այդ դաշինքի ցուցակում կարող է լինել նաև Մհեր Սեդրակյանի որդին՝ Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, որը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 4 ընտրատարածքում: Այսօր արդեն լուրեր կային, որ Մհեր Սեդրակյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Հայտնի է, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է գլխավորելու Ծառուկյանի շտաբը: Նրա կինն ու որդին այսօր դիմումներ են ներկայացրել` ՀՀԿ-ի անդամագրումը ժամանակավորապես կասեցնելու համար: Այսօր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դիմում գրել նաև ու լքել հարազատ ՀՀԿ-ը: Մեր տեղեկություններով` նա կմիանա իր խնամու` Գ. Ծառուկյանի դաշինքին: Հնարավոր է, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը ևս լինի այս ցուցակում:

Վերակազմյալ ՀՀՇ-ն էլ կարող է միանալ «Ծառուկյան» դաշինքին: Կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեզ հետ զրույցում ոչ հերքել էր սա, ոչ հաստատել:

Ընդդիմադիր դաշտում գլխավոր խաղացողներից մեկն է լինելու «Ելք» դաշինքը: Այստեղ համախմբված են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները:  Հավանականությունը, որ «Ժառանգությունը» ևս կմիանա այս դաշինքին, մեծ է: «Ժառանգությունում» դեռ վերջնական որոշում չկա, վարչությունը նիստեր է գումարում, սակայն հստակ հայտարարություն չի արվել: Նույնիսկ լուրեր կան, որ կուսակցությունն ինքը չի մասնակցի ընտրություններին, սակայն անդամներն առանձին-առանձին կլինեն տարբեր ցուցակներում:

Օրինակ` համանուն խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը կարող է լինել «Ելքի» ցուցակում: «Ժառանգությունից» վերջերս հեռացած Անահիտ Բախշյանին և կուսակցությունն ավելի վաղ լքած Ստեփան Սաֆարյանին առաջարկ է արվել «Ազատ դեմոկրատների» կողմից:

Ի դեպ, թե ինչ ցուցակով, ինչ ձևաչափով է այս կուսակցությունը մասնակցություն ունենալու, դեռ վերջնական պարզ չէ, սակայն բանակցություններ կան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցության հետ: «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դեռ ամիսներ  առաջ էր մեզ ասել, որ իրենց ցուցակում անակնկալներ են լինելու:

Թե ինչպես է վարվելու Հայ ազգային կոնգրեսը, ոչ ոք չգիտի: Մամուլում նույնիսկ լուրեր կան, որ կուսակցության ղեկավար, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի լինի ցուցակում: Դա, ըստ քաղաքագետների, կիջեցնի ՀԱԿ-ի իմիջը ու Կոնգրեսի փլուզումը կարագացնի:

Կարծիքներ կան, որ ՀԱԿ-ն, ի վերջո, կմիանա «Ծառուկյան» դաշինքին: Համագործակցության փորձ, չմոռանանք, կա:

Մյուս արդեն ձևավորված դաշինքի անդամներն էլ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» ու Հայաստանի դեմոկարատական կուսակցություններն են, որոնց երեկ միացավ նաև Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը: Տիգրան Կարապետյանի ԺԿ-ն էլ է դիտարկում այս դաշինքին միանալու տարբերակը: Նշենք, որ դեռ պաշտոնապես չի հայտարարվել, բայց լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանն էլ է լինելու այս դաշինքում: Իսկ լուրերը, թե այս դաշինքի անդամ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը հանդիպել է ու համագործակցելու է Գագիկ  Ծառուկյանի հետ, այսօր հերքվեցին:

Մեզ հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը չի հերքել «Ելքի» հետ քննարկումներ անցկացնելու  հանգամանքը: Նրա խոսքով՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից առաջարկներ լինում են, անցկացնում են քննարկումներ, սակայն  ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կուսակցությունը վերջնական դիրքորոշում չունի. «Տարբեր քաղաքական հանդիպումներ և առաջարկներ եղել և լինում են, բայց քանի որոշում չկա մասնակցության մասին, դրանք ուղղակի քննարկումներ են»,-ասել է նա:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ այսօր մեզ ասել է, որ հավանաբար կհամագործակցի «Ժառուկյան» դաշինքի հետ:

Հիշեցնենք` ընտրությունները ապրիլի 2-ին են, քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ