Քրիստինայի գեղեցկության գաղտնիքը /վիդեո/
Գյումրիի “Ագաթ” հատուկ կարիքներով կանանց կենտրոնի ներկայացուցիչ Քրիստինա Աղանյանը Henaran.am-ի հետ զրույցում նկատեց, որ վերջին տարվա ընթացքում Գյումրիում ավելացել են հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակները:
“Օրինակ` Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, “ORANG”-ի գրասենյակը, չեմ կարող ասել, որ բոլոր կառույցներում այդ չափանիշները ապահովված են: Շատ տեղեր թերություններ կան՝ անվասայլակը ինքնուրույն չի կարող բարձրանալ կամ իջնել, բայց փոքրիկ քայլեր ու փոփոխություններ կան”,- նշեց Քրիստինա Աղանյանը:
Հատուկ խնդիրներով մարդկանց հասարակությանը ինտեգրվելու մասին Քրիստինա Աղանյանը փաստեց.
“Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը շատ դեպքերում երկկողմանի է ՝ եթե ես ինքս խնդիր ունենալով` ներփակվում եմ ինքս իմ մեջ ու դուրս չեմ գալիս, հասարակությունը որտեղից պիտի իմանա իմ մասին: Նշանակում է ես պիտի գնամ հասարակությանը ընդառաջ իմ խնդիրներով, որ նրանք նկատեն ինձ ու իմ խնդիրները”:
Քրիստինա Աղանյանը նույնպես հաշմանդամություն ունի, սակայն նա այնքան ուժ է գտել իր մեջ, որ իրեն ճանաչող մարդիկ իրեն ընկալեն այնպիսին, ինչպիսին ինքը կա.”Իմ խնդիրների հետ ես ընդհանրապես խնդիրներ չեմ ունեցել և դրա համար շնորհակալ եմ իմ ծնողներին: Նրանք ինչ պահանջել են իմ լիարժեք առողջ քրոջիցս՝ նույնը ինձնից են պահանջել”:
Քրիստինա Աղանյանը մանկավարժ հոգեբան է, նա “Ունիսոն” ՀԿ-ի կողմից կազմակերպած գեղեցկության մրցույթում առաջին մրցանակի է արժանացել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: