“Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է օֆշորում հաշիվ ունենա”
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորում հայտնվելու մասին տեղեկատվությունը տարատեսակ քննարկումների առիթ հանդիսացավ: Բոլորը խոսում են “օֆշորի” սկանդալից` երբեմն առանց պատկերացնելու ինչ է դա: Այսպես, ի՞նչ է օֆշորը:
Օֆշոր բառն առաջացել է անգլերեն Offshore բառից, որը նշանակում է “ափից մի քիչ հեռու գտնվող”: Օֆշորային են համարվում այն տարածքները, որտեղ օրենսդրությունը բիզնեսին ազատում է հարկերից:
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ քաղաքական և հոգևոր դասի երկու դեմքերի հնարավոր ներգրավվածությունը օֆշորային դաշտում դիտարկեցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը և “Ժառանգություն” կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ահարոն Ադիբեկյանը օֆշորում լինելու փաստը դրական է գնահատում, ըստ նրա պարզապես ֆինանսական կառույցները գտնում են տեղեր որտեղից կարելի է ավելի մեծ եկամուտ ստանալ քիչ հարկերով:
“Առաջին նման օֆշոր եղել է Լյուքսենբուրգում, որը հիմա բավականին հարուստ երկրի համարում ունի, ազատ համաշխարհային ճանաչմամբ այդպիսի բանկ չկա որ այնտեղ մասնաճյուղ չունենա, քանի որ այստեղ հարկերը բավականին ցածր են”,-նշեց Ահարոն Ադիբեկյանը:
Անդրադառնալով այս հողի վրա Հայաստանում հասունացած սկանդալին, Ահարոն Ադիբեկյանը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ խոսքը գնում է “ծիծաղելի հանգամանքների և ծիծաղելի փողերի մասին”, որն էլ արդեն առիթ է տալիս հասկանալու, որ սա չարակամների սարքած գործն է.
”Պարզապես մեր վարչապետին շատ նախանձողներ կան, քանի որ նա բարձր հեղինակություն ունի միջազգային շուկաներում: Սա հատուկ ծրագիր է, որ վարկաբեկվեն երկու ծանրակշիռ մարդիկ` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը և վարչապետը:
Եվ պարզա, որ չուզողների բանակը այնքան շատա, որ դրանք կան և իշխանական, և ընդիմադիր դաշտում և նա բավականին լուրջ թիրախա, շատ բացասական երևույթներ կապում են նրա հետ, սակայն եթե չլիներ Տիգրան Սարգսյանը ոչ մի համշխարհային բանկ մեզ նման ցածր տոկոսադրույքներով վարկեր չէր տա”:
Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ` Հայաստանում Տիգրան Սարգսյանները բազմաթիվ են վարչապետի վրա շեշտը դնել չէր կարելի:
Ստյոպա Սաֆարյանի դիտարմամբ` սկանդալային գործարար, հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը որևէ այլ Տիգրան Սարգսյանի անվամբ հաշիվ չի բացել: Սկանդալի կիզակետում իսկապես երկրի վարչապետն է և որ զավեշտալի է հոգևորական առաջնորդ:
“Զավեշտալի է նաև, որ այս պատմության հետ կապվում է նաև հայ գործարարի ունեզրկումը, գույքի գրավադրումը բանկում, այսպես ասեմ սեփականումը, և սա արդեն դառնում է մի բավականին տհաճ շղթա, որին գումարվում է հանցագործությունը, որը դեռ պետք է ուսումնասիրվի:
Խոսքը Փայլակ Հայրապետյանի ունեցվածքին առնչվող պատմությունն է:Սա մոլորակի վրա առաջին պատմությունն է և չեմ կարծում , որ վարչապետին վարկաբեկելու համար ինչ որ մարդիկ գնացել ու օֆշորային գոտում նրա անվամբ հաշվեհամար են բացել”,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նա նշեց, որ այս խոսակցությունների արդյունքում ունենք մի պատմություն, որը թեև չի զրկի վարչապետին իր աթոռից, այնուամենայնիվ, մի երկարաժամկետ կտրվածքով չափազանց մեծ սև բիծ է նրա քաղաքական կարիերայի վրա:
Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը Ադիբեկյանը համարեց դեմագոգիայի դրսևորման օրինակ. “Ումա տվել իր համաձայնությունը Տիգրան Սարգսյանը`մի հատ ասեք … Աստված տա վաղը քո անունով էլ Դուբայում մի օֆշորային հաշիվ բացվի: Գուցե մեկն ուզենա քո անունով էլ հաշիվ բացի”:
Այնուամենայնիվ, Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ օֆշորում պիտի հաշիվ ունենա:
“Ուրեմն ես լավ քաղաքական գործիչ չե՞մ, որ նման հաշիվ չունեմ”,-զարմացավ Ստյոպա Սաֆարյանը: