Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 16-ին մասնակցել է «2015-2018 թթ. ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիր. ձեռքբերումներ և հեռանկարներ» խորագրով հանդիպմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին հանդիպումը կազմակերպելու համար և ամփոփ ներկայացրել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքները:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի համար նախատեսված 2015-2018թթ. Գործողությունների ծրագրին, Սահմանադրական բարեփոխումներին հաջորդած գործընթացներին, ինչպես նաև ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված դատաիրակավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրին: Այդ համատեքստում նախարարն առանձնացրել է մի շարք կարևոր ձեռքբերումներ, մասնավորապես, դատավորների միջև գործերի բաշխման էլեկտրոնային մեխանիզմի ներդրում, դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափորոշիչների սահմանում և այլն:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է նաև վերջին 2 տարիների ընթացքում ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված ծավալուն աշխատանքներն ու արդարադատության ոլորտի զարգացմանն ուղղված հեռանկարները:
Արփինե Հովհաննիսյանը կրկին շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակին տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն արդյունավետ շարունակելու նպատակով: