Ագահությունը կռապշտություն է
«ԱՆՊԱՐԿԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԾԱՌԱՅԵՆՔ, ԱՅԼ ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՄԲ ԶԳԱՍՏԱՆԱՆՔ, ԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ ԿՌԱՊԱՇՏ ՉԴԱՌՆԱՆՔ, ԱՅԼ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ ՔԱՎԵՆՔ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ» (ԵՓԵՍ․5:5, ԿՈՂՈՍ․ 3:5)։
Դատավորը դռան առաջ է կանգնած և մեզ դատաստանի է կանչում․ տեսնենք թե ինչ պատասխան ենք տալու Նրան․․․։ Որովհետև ամեն ինչի համար Դատավորը մեզանից հաշիվ է պահանջելու՝ ոչ միայն մեր կատարած գործերի համար, այլև խոսքերի, խորհուրդների, սրտի շարժմունքների և զգայարանների բերումների։ Եվ եթե այսպիսի անսխալ հաշվեքննություն է մեզ սպասում, մտածենք, թե ո՞ւմ ենք հաշվետու լինելու։ Ոչ թե ինչ որ մարդու, այլ Նրան, ով ոչ թե երեսին է նայում, այլ սրտին (Ա․ Թագ․16:7) , դեռևս չգործված բաներն է տեսնում (Սաղմ․138:16) և անհայտները քննում։
Ինքներս մեզ նայենք ու ոչ թե ունայն ու անցավոր բաների վրա ուշադրություն դարձնենք։ Մեր աչքի գերանը հանենք և ոչ թե ուրիշների աչքի շյուղին նայենք (Մատթ․7:5)։ Անպարկեշտությանը չծառայենք, այլ ողջախոհությամբ զգաստանանք, ագահությամբ կռապաշտ չդառնանք (Եփես․5:5, Կողոս․ 3:5), այլ ողորմությամբ քավենք մեր մեղքերը ․․․
Չսպասենք հանդերձյալ դատաստանին, Դատավորի աթոռի առջև կանգնելուն, քանի որ արդար աթոռ ու դատաստան են լինելու դրանք, երբ Տերը վեր կենա ողորմության աթոռից ու նստի փառքի աթոռին, այդժամ ըստ արժանվույն կչափի ու կհատուցի՝ ասես կշեռքի նժարների վրա դնելով բոլորի բարի ու չար գործերը՝ թե մեծերի և թե փոքրերի։
Այժմ է Աստված օգնում չարիքների համար զղջացողներին, իսկ այն ժամանակ մեղավորների հանդեպ ահարկու է լինելու և արհամարհող։ Այժմ է համբերատար մեր բյուրավոր սխալների հանդեպ, իսկ այն ժամանակ առանց հապաղման Իր բարկությունն է թափելու անհնազանդ որդիների վրա։ Այժմ հորից ավելի գթած է մեղքերով վիրավորվածների հանդեպ և մորից ավելի է ցավում մեղքերի պատճառով սգացողների համար։
Այդ պատճառով էլ մերթ աղաչում ու աղերսում, մերթ պատգամավորներ ուղարկում՝ առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, ուսուցիչներ ու հոգևոր հովիվներ և անգամ Իր Որդուն ուղարկեց մեղավորների իր հետ հաշտեցնելու։ Իսկ այն ժամանակ իբրև Տեր ու Դատավոր մեզանից հաշիվ է պահանջելու Իր այն համբերատարության ու գութի դիմաց, որն այս կյանքում արհամարհեցինք։
ՍԲ․ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ – 11–ՐԴ ԴԱՐ