Ինչպե՞ս կվճռվի Վանաձոր-Քիմպրոմի ճակատագիրը՝ վերջին կրճատումից հետո
Վանաձոր-Քիմպրոմի նախկին ու ներկայիս աշխատակիցներին վաղ առավոտյան գործարանի բակ էր բերել արդեն վեց ամսվա չվճարված աշխատավարձի պարտքն ու վերջնահաշվարկը: Վերջին անգամ քիմիագործները ստացել են հոկտեմբեր ամսվա աշխատավարձը, այն էլ՝ մաս-մաս: Նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներից բացի չի վճարվել նաև մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձը:
«Թող մեր աշխատանքի դիմաց իրենք վճարեն, մեզ չի հետաքրքրում ով պատասխանատու է, թող նա էլ պատասխան տա»,-ասում են քիմիագործները:
«Երեք էտապով կրճատումներ է գնացել, մեզ դեկտեմբերի 15-ին են տուն ուղարկել, տուն եք ուղարկել, մեր աշխատավարձը տվեք, ասեք ձեզ բարի ճանապարհ, բայց չեն տալիս, ժամկետ էլ չեն ասում, անորոշ վիճակ ա»,-շարունակում է նախկին աշխատակիցներից մեկը:
«Էսքան մարդը հավաքվել ա, իրանց ընտանիքը ինչո՞վ պետք ա պահեն, եթե վեց ամսվա աշխատավարձ չեն տվել»,-դժգոհում է Դավիթ Դարբինյանը:
Վանաձոր-Քիմպրոմի պարեկապահակային բաժնի աշխատակիցների թիվը վերջերս 55-ն էր, այժմ երեք գործարանի՝ Քիմմանրաթելեր, ՋԷԿ և Քիմպրոմ աշխատակիցների ընդհանուր թիվը միասին կազմում է 40, որից 20-ը՝ Քիմպրոմից են: Արդեն վաղը լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը, և գործարանը աշխատակիցներից և ոչ մեկի պայմանագիրը չի երկարաձգում: Ըստ քիմիագործների ունեցած տեղեկությունների՝ վաղվանից գործարանի անվտանգությունը իրականացվելու է այլ կազմակերպության աշխատակիցների կողմից:
«Իրանք մեր պահակներին հանում են, երևի բերեն իրանց մարդկանց, մեր իմանալով, ես չգիտեմ տոչնին, ո՛չ մեկին չենք թողալու գործարան մտնի»,-ասում է ավելի քան երեսուն տարի գործարանում աշխատած Գառնիկ Մուսինյանը:
«Մենք էլ Քիմպրոմի դարպասները, շինությունները, բոլորը փակելու ենք, չենք թողալու ոչ մեկ մտնի, մինչև մեր փողերը չտան. մեր պահանջը մինչև չկատարեն, փողերը չտան, չենք թողալու ոչ մեկ մտնի գործարան»,-շարունակում է Դավիթ Դարբինյանը:
«Ինչ-որ պետական ծառայողներ պիտի գան, մեր մնացած տեսուչներին փոխարինեն, դա վաղը պարզ կլինի: Գործարանում բավականին մեծ քիմիական նյութեր կան, որ հսկողություն պետք է լինի փաստորեն, տեսնենք նոր եկողները ինչ ձևով կարող են քաղաքի անվտանգությունն ապահովեն»,-ասում է Ալբերտ Իսրայելյանը:
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը հաստատեց շրջանառվող լուրը՝ պարզաբանելով, որ խոսքը միայն պահակություն իրականացնող աշխատակիցներին է վերաբերում:
«Ամբողջ անշարժ գույքը գրավի առարկա է, և հիմնական գրավառուն ինքն է կազմակերպելու գույքի պահպանության հարցերը, դա իրենց որոշելիքն է, ես որևէ առնչություն չունեմ դրա հետ: Պահակային ծառայություն իրականացնելու համար հատուկ մասնագիտացում պետք չի, իսկ քիմիական նյութերի պահպանույուն իրականացնող մարդիկ չեն կրճատվում, նրանք մնում են»,-նշեց Կարեն Ասատրյանը:
Քանի որ Վանաձոր-Քիմպրոմ ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը մայրաքաղաքում էր, քիմպրոմցիները ստիպված էին դարձյալ իրենց խնդրի մասին բարձրաձայնել մարզպետ Արթուր Նալբանդյանի մոտ, ուստի ցուցարարներն ուղևորվեցին դեպի մարզպետարան: Արթուր Նալբանդյանն ընդունեց երեք աշխատակիցների, ծանոթացավ իրավիճակին ու պահանջներին: Մարզի ղեկավարը խոստացավ առավել հանգամանորեն զբաղվել խնդրով: Տեղեկացրեց նաև, որ մինչև հոuնվարի վերջ պաշտոնական այցով մարզ կժամանաի վարչապետ Կարեն Կարապետյանը: Հորդորեց մինչ վարչապետի այցը կտրուկ քայլեր չձեռնարկել. խնդիրը կառավարության ղեկավարին ներկայացնելու համար նաև գրավոր դիմում նախապատրաստել:
Գոհար Մովսիսյան