«Այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ մարդկանց գրպանների վրա»

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը և քաղաքական որոշում է, և տնտեսական: «Բայց ամեն դեպքում կարծում եմ՝ այնքան ցուրտ ձմեռ արեց, որ էական ազդեցություն չեղավ դեկտեմբերին, և եթե եղանակը հունվարից էլ չտաքանա, մարդկանց գրպանի վրա էական ազդեցություն չի թողնի, քանի որ մարդիկ ավելի շատ էնէրգիա ու գազ են սպառում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է, թե ինչպիսին կարող է լինել տարին ՓՄՁ-ների համար, ապա տնտեսագետը նշեց, որ թվում է, թե դրական տեղաշարժեր կան, փոփոխություններ կան, սակայն հարկային մարմիններն անհապատասխանատություն են գտնում եկամուտների և ծախսերի միջև, և ոչ թե մտածում են, որ ՓՄՁ-ներն ունեն խնդիր ,և իրենց ծախսերը դրա համար ավելի շատ են ստացվում, այլ մտածում են, որ նրանք ունեն թաքնված եկամուտներ: «Բայց մեծամասնության փակվելու վերաբերյալ, որ անընդհատ հանդիպում ենք՝ «տրվում է վարձով», «վաճառվում է», դրանք խոսում են այն մասին, որ ՓՄՁ-ների համար դժվարին պայմաններ են, որովհետև մեր տրանսֆերտները կրճատվել են, այսինքն՝ 2016-ին մոտ 140 միլիոն դոլարի կրճատում էր կանխատեսվում, մյուս կողմից մեր տնտեսական աճն է իջել, 150 միլիոնի կրճատում էլ այդտեղ կլինի, 300 միլիոնը մեր նման երկրի համար 3 տոկոսանոց ցուցանիշ է, և դա իր ազդեցությունն է ունենում ՓՄՁ-ների վրա»: