Մենք չեղած թեկնածուի չենք սատարի. Արամ Մանուկյան
Եթե ՀԱԿ-ը ցանկանա հանդիպել ԲՀԿ –ի կամ ցանկացած այլ կուսակցության նախագահին, ապա կհանդիպի Հայստանում: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով Ծառուկյան-ՀԱԿ գաղտնի հանդիպման մասին ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերին, որոնց համաձայն հանդիպումը տեղի է ունեցել արտերկրում:
“Որեւէ կոմպլեքս չունենք որեւէ կուսակցության հետ հանդիպելու, խոսելու: Ի՞նչ կարիք կա դրսում հանդիպելու: Սարքած հեքիաթ է, ես ամեն օր կարող եմ խոսել ցանկացած կուսակցության ցանկացած ղեկավարի հետ եւ չունենք որեւէ խանգարող հանգամանք”,-նշել է Արամ Մանուկյանը: Դիտարկմանը, թե կհանդիպի՞ նաեւ Սերժ Սարգսյանի հետ, Արամ Մանուկյանը պատասխանել է.”Եթե ուզենա , իհարկե, բայց նա էդպիսի ցանկություն չի ունեցել”:
Հարցին, թե կսատարի՞ արդյոք ՀԱԿ-ը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, եթե վերջինս առաջադրվի նախագահական ընտրություններում, Արամ Մանուկյանն ասել է. “Մենք չեղած թեկնածուին չենք պաշտպանի, դեռեւս ոչ մի թեկնածու չկա’’:
Ինչ վերաբերվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրին համաձայնություն տալու մասին ԱԺ որոշման վերաբերյալ հայտարարությանը, Արամ Մանուկյանն ասել է, որ մեկնաբանելու ցանկություն չունի. “ Նա վաղուց ինձ համար քաղաքական գործիչ չէ, նախագահ չէ, եւ ես երբեք չեմ մեկնաբանել նրա հայտարարույունները”: