Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ. պատգամավորները լրագրողներից փող են պահանջում. Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը օրերս հայտարարեց, թե վատ չի լինի, եթե Ագգային ժողովի աշխատանքներ լուսաբանող լրագրողներր վճարեին պատգամավորներին. “Դուք էդ փողը, էդ հացը մեր միջոցով եք աշխատում, հետեւաբար մենք ձեր ստնտուն ենք”. իր տեսակետն էր արտահայտել ՀՀԿ-ական պատգամավոր։ Այս մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանությունը”:
ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավորի՝ Մանվել Բադեյանին էլ դուր էր եկել լրագրողների կողմից վարձատրվելու տարբերակը։
Երեկ թերթը փորձեց այս առնչությամբ Բադեյանից մեկնաբանություն ստանալ, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց. “Դուք չգիտե՞ք, որ ցանկացած լրատվամիջոց, երբ որ օգտվում ա այս կամ այն ինֆորմացիոն աղբյուրից, դա աշխարհում ընդունված կարգ ա՝ բոլոր երկրներում, նույնիսկ Սովետական Միությունում, վարձատրվում ա”։
Թերթի այն դիտարկմանը, թե Ագգային ժողովը քաղաքական կառույց է, եւ այստեղ “ընտրվածները” պարտավոր են պատասխանել լրագրողների կողմից բարձրացված հասարակությանը հուզող հարցերին, Բադեյանը պատասխանեց. “Պարտավոր չեմ։ Ձեր փող աշխատելու համար ես ոչ մի բան էլ պարտավոր չեմ անեմ։ Ես գումարի մասին չեմ ասում, որ լրագրողը ինտերվյու վերցնի ու չվճարի դրա համար։ Դա սկզբունք ա։ Մենակ դուք եք, ինչ ուզում եք, անում եք”։
Պատգամավորի կողմից լրագրողին ուղղված հայհոյանքի համար զեղչեր նախատեսվո՞ւմ են, թե՞ ոչ հարցին Բադեյանը պատասխանեց. “Եթե ուզում ես ձեռ առնելով խոսամ, կարամ ձեռ առնելով խոսամ… Ընդհանրապես փող աշխատելու համար առաջինը պետք է կրթություն։ Երկրորդը՝ գոնե մշակույթի հետ որեւէ առնչություն, երրորդը՝ սեփական արժանապատվության զգացում։
Էս բոլորը պետք ա ունենա մարդ, որ նոր դառնա ժուռնալիստ, հետո նոր էս կամ էն մարդուն եթե հարցեր ունի՝ տա։ Ում որ հարցը ուղղված ա, նա իրավունք ունի ինչպես պատասխանել, էնպես էլ չպատասխանել…”-գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: