Նույնպիսի կարգավորում կա ե՛ւ մկնանման կրծողների, ե՛ւ մարդկանց շրջանում. Հայոց աշխարհ
“Հայոց աշխարհի” վերլուծությամբ, ամեն ինչ վկայում է, որ առաջիկա 2-3 տարիներին քաղաքական կյանքը հայոց աշխարհում կենտրոնացած կլինի գերազանցապես խորհրդարանում։
Ըստ որում նույնիսկ խորհրդարանական քաղաքական ուժերը Ազգային ժողովից դուրս կդրսեւորեն նվազագույն ակտիվություն։ Մի կողմից, դա, իհարկե, լավ է, քանզի այդպես է ընդունված քաղաքակիրթ բոլոր երկրներում։ Եվ սուտն էլ հայրենի քաղաքականության մեջ միգուցե վերջապես փոքր-ինչ կնվազի։ Թեպետ, գուցեեւ չնվազի։
“ Ինչո՞ւ ենք մենք ստում” բեսթսելլերում ամերիկացի հայտնի հոգեբան Դեվիդ Լիվինգսթոն Սմիթը հետաքրքիր մի տեսակետ է շարադրել տարածված արատի վերաբերյալ։ Սուտը, ինչպես համարում է նա, անհնար է արմատախիլ անել, քանզի դա մարդկային ուղեղի գլխավոր նախասահմանումն է։ Իրենց ճարտարամտությամբ մարդիկ ի վերջո պարտական են շրջապատին խաբելու մի պահ անգամ չդադարող վարժանքներին։
Մյուս կողմից, իսկ ի՞նչ են անելու մարդ-կուսակցությունների դիվիզիան եւ իրենց “քաղաքական գործիչներ” երեւակայած պրոֆեսիոնալ անբանների բանակը։
Ճիշտ է, ոմանք հասցրել են բավական հարմարավետ տեղավորվել “մեծերի” թեւի տակ, ընտրությունների ժամանակ հմտորեն օգտվելով, այսպես կոչված՝ “օքսիտոցինային պատուհանից”։ Դա չափազանց հետաքրքրաշարժ երեւույթ է, որի մասին արժե պատմել փոքր-ինչ ավելի հանգամանորեն։
Համաձայն գիտնականների վերջին հետազոտությունների, մեր զգացմունքները կարելի է պատկերացնել որպես յուրօրինակ քիմիական մեքենա։ Դա ավելի հեշտ է հասկանալ ոչխարի օրինակով։
Ոչխարներն ընդհանրապես հեռու են քշում գառներին, եթե մոտենում են իրենց։
Սակայն ծնելու ժամանակ տեղի է ունենում օքսիտոցինի արտանետում արյան մեջ, եւ մայր-ոչխարի պահվածքը հրաշալիորեն փոխվում է։ Առաջանում է “օքսիտոցինային պատուհան”. մի քանի ժամ շարունակ ոչխարը քնքուշ է, ընդունում է իրեն մոտմոտ անող բոլոր գառնուկներին, անգամ ոչ իր ձագերին։
Այն ժամերի ընթացքում, քանի դեռ օքսիտոցինային պատուհանը բաց է, ոչխարը փոքր-ինչ վարժվում է գառնուկին, այնուհետ պատուհանը փակվում է, բայց կերակրելու սովորությունը՝ մնում։ Իսկ այն գառները, որոնք հասցրել են կապվել իրենց մայր-ոչխարի հետ, կարող են հետագայում էլ կերակուր ու հոգատարություն ակնկալել։ Մնացած բոլորը (անգամ այդ ոչխարի իսկական ձագերը) նրա կողմից հեռու կքշվեն, երբ պատուհանը փակվի։
Սա հնագույն կենսաբանական ծրագիր է, նույնպիսի կարգավորում կա ե՛ւ մկնանման կրծողների, ե՛ւ մարդկանց շրջանում։ Գործում է նաեւ քաղաքականության ոլորտում, որտեղ օքսիտոցինային պատուհանը բացվում է ընտրությունների ժամանակ։ Մեծ կուսակցություններն այդ ժամանակ քնքուշ են, ընդունում են իրենց մոտմոտ անող “գառներին”։ Այնուհետ ընտրություններն ավարտվում են, պատուհանը՝ փակվում, բայց “մայր-ոչխարի” հետ զգացմունքային հողի վրա իրենց կապել հասցրած մարդ-կուսակցությունները կարող են հետագայում էլ կերակուր ու հոգատարություն ակնկալել։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: