15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ” ԴիջիԹեք էքսպո-2012” ցուցահանդեսում շնորհավորեց ուսուցիչներին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի “Երեւան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել “ԴիջիԹեք էքսպո-2012” տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում իրենց ձեռքբերումները ներկայացրած տեղական եւ արտասահմանյան հարյուրից ավելի կազմակերպությունների տաղավարներում, ծանոթացել ցուցադրանյութերին՝ ՏՏ սարքավորումների եւ համակարգերի, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական, մոբայլ, համակարգչային գրաֆիկայի եւ մուլտիմեդիայի, ֆինանսաբանկային եւ նորարարական լուծումներին, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորություններին:

Նախագահը ցուցահանդեսի շրջանակում ներկա է գտնվել նաեւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումն ապահովելու նպատակով՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջեւ համագործակցության վերաբերյալ հուշագրի ստորագրմանը:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ ռոբոտատեխնիկայի զարգացման եւ աջակցման ծրագրի շրջանակներում “ԴիջիԹեք էքսպո”-ում ցուցադրված աշխատանքներին, որոնց ստեղծմանն իրենց ուսուցիչների հետ ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ հանրապետության տարբեր ուսումնական հաստատությունների տաղանդավոր աշակերտներ:

Նախագահը ցուցահանդեսին մասնակցող ուսուցիչներին շնորհավորել է ցուցադրությանն արժանավայել ներկայանալու եւ նաեւ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը, ի դեմս նրանց՝ տոնի առթիվ շնորհավորել է նաեւ Հայաստանի բոլոր ուսուցիչներին:

“Ուսուցիչների եւ նրանց աշխատանքի վերաբերյալ գեղեցիկ խոսքեր ասելը երեւի ամենահեշտն է. մեզնից յուրաքանչյուրն իր կյանքի ընթացքում բազմաթիվ առիթներ է ունեցել հիացմունքի ու շնորհակալության խոսքեր ասելու իր ուսուցիչներին: Եվ իսկապես հրաշալի է, որ մենք սերնդե սերունդ կարողանում ենք գիտակցել ու արժեւորել ուսուցչի առաքելությունն ու մեծ դերը: Դա նշանակում է, որ մենք հասկանում ու ընկալում ենք նաեւ կրթության դերը:

Այսօր մենք, որպես պետություն, գեղեցիկ խոսքերից բացի կոնկրետ գործով ենք փորձում ցույց տալ մեր վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ: Այն ամենը, ինչ մենք սկսել ենք ու արդեն իսկ ծրագրել ենք, մեկ նպատակ ունի. անընդհատ բարձրացնել կրթության դերը եւ ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովել ձեր արժանապատիվ հասարակական դիրքն ու ստեղծագործելու ազատությունը:

Կրկին շնորհավորում եմ ձեզ եւ Հայաստանի բոլոր ուսուցիչներին, մաղթում եմ անսպառ եռանդ եւ ուշիմ աշակերտներ:

Հաջողություն ձեզ: Շնորհակալ եմ”, – ասել է Սերժ Սարգսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ