Հիմա էլ ՊԵԿ-ն ա եկել ու փակել. բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց
Ազգային ժողովի մուտքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՛՛Կիլիկիա՛՛ առևտրի կենտրոնի աշխատակիցները: Henaran.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ նախկինում իրենք առևտուր ենք իրականցրել ՛՛Հրազդան՛՛ տոնավաճառի տարածքում, ապա ընդհանուր որոշում են կայացրել տեղափոխվել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում տեղակայված` ՛՛քաղաքակիրթ և ներկայանալի առևտրի կենտրոն ստեղծելու և մարդավայել պայմաններում աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով օժտված տարածք՛՛:
՛՛Հիմա էլ ՊԵԿ-ն ա եկել ու փակել՛՛,-ասաց առևտրականներից մեկը: Վերջինիս խոսքով՝ ՊԵԿ-ը առանց պատճառաբանության հունիսի մեկից արգելել է իրենց առևտուր անել:
՛՛Բայց ընտանիք ենք պահում, երեխա ունենք, ոնց ապրենք, գոնե պատճառ ասեն: Ասում են՝ լիցենզիա չունենք, բայց ունենք լիցենզիա՛՛,-ասում են բողոքավորները:
Հիշեցնենք, որ առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր բաց նամակով էին դիմել ԱԺ նախագահին ու պատգամավորներին: Նրանք հայտնել էին, որ խնդրի առնչությամբ արդեն իսկ նամակներ են հղել հանրապետության նախագահին, կառավարությանը, բարձրաձայնել ենք խնդիրը մամուլի էջերում և հեռուստատեսությամբ:
՛՛Տարածքի սեփականատեր “ԼԱՆ” ՍՊ ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է սնանկության գործընթացում և մեր նախաձեռնության կազմակերպիչ “Մադէլինա-Լենա” ՍՊ ընկերությունը բնականաբար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի ինչպես նաև սնանկության գործերով կառավարչի անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ: Ընկերությունը դատարանին ներկայացրել է առողջացման ծրագիր, ստացել է համապատասխան լիցենզիա,կնքվել են համապատասխան պայմանագրեր:Մեզնից յուրաքանչյուրը գրանցվել է հարկային տեսչության համապատասխան մարմնում, ստացել ենք հսկիչ դրամարկղային մեքենաներ, որոնք GPRS-ով միացվել են ընդհանուր համակարգին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ տաղավարների թիվը 118 է։