Գերմանիայում հայկական գրադարան-արխիվ կգործի
Գերմանիայում գրադարան-արխիվ հիմնադրելու գաղափարը Հայ ակադեմիականների միության վարչության տարիների մշակած ծրագիրն է: Մի քանի տարի առաջ Գերմանիայի Կենտրոնական Խորհուրդն /ԳԿԽ/ առաջարկ է ստացել, որ տեղի բոլոր հայկական համայնքների և միությունների հետ այս ծրագրով աշխատի: Արդյունքում շուտով երկար սպասված այդ ծրագիրը կյանքի կկոչվի: Իսկ գրադարանի հիմնադրման ֆոնդ կհանդիսանան արդեն հավաքված մի քանի հարյուր գրքերը:
“Ես ինքս էլ գրքեր էի հավաքում, մարդկանց ասում էի, որ այսպիսի նպատակներ կան, գտա շատ մարդկանց, որ հետաքրքրություն ունեցան, որոշեցի բենեֆիս-համերգ կազմակերպել, որ ավելի շատ մարդիկ իմանան: Ինձ շատ օգնեցին մի գերմանացի ու մի վրացի աղջիկ, որ էլի ինձ հետ հասարակական գործունեությամբ էին զբաղվում տարբեր կազմակերպություններում: Մի քանի օր առաջ երեկոյի ընթացքում բավականին մեծ գումար հավաքվեց, հուլիսի վերջին նոր պարզ կլինի, թե կենտրոնական խորհրդի հաշվեհամարի վրա ինչքան գումար է ներդրվել գրադարանի ու արխիվի հիմնադրման համար համա”,- պատմում է Ռեգենսբուրգ քաղաքի համալսարանական Աննա Բաբայանը, ով գրադարան հիմնելու մասին տեղեկատվությունը ավելի տարածելու համար երեկո էր կազմակերպել:
“Մասնակիցների 90 տոկոսը գերմանացիներ էին, շատ ողջունելի էր, որ գալիս էին հասարակական հիմունքներով աշխատում էին, որ Գերմանիայում հայկական գրադարան ստեղծվի”:
Վերջինիս տեղեկացմամբ, հուլիսի 3-ին ԳԿԽ-ի նախագահ Ազատ Օրդուխանյանի և գերմանացի մյուս շահագրգիռ կողմերի միջև կազմակերպվել է հանդիպում` հարցին վերջնական լուծում տալու նպատակով:
“Իմ դասախոսներին էնքան էի ասել, որ իրենք էլ Բավարիայի կենտրոնական գրադարանի տնօրենի հետ խոսեցին, հետաքրքրություն առաջացավ, հիմա արդեն առաջարկ ենք ստացել, ասում են, որ այդ գրադարանը պետք է հիմնվի Բեռլինում կամ Մյունխենում, նաև հնարավոր է Համբուրգում: Կենտրոնական խորհուրդը կորոշի, թե առաջարկներից որ մեկն է ընդունելու, որ այդ ծրագրերից որ մեկի վրա աշխատենք ու ներկայացնենք: Պետք է աշխատենք քաղաքներից մեկի կենտրոնական գրադարանի հետ”,- հավաստիացնում է Աննա Բաբայանը:
Անցած տարի ԳԿԽ-ն առաջարկ է ստացել գրադարնը հիմնել Լայպցիգում, բայց չի համաձայնվել: Նպատակահարմար է գտնում Բեռլինն ու Մյունխենը, որտեղ հայերն ավելի շատ են քանակով: Ընդհանուր առմամբ Գերմանիայում այժմ ապրում են շուրջ հարյուր հազար հայեր:
Գրադարանի հիմնման ծրագիրը և խնդիրները Հայաստանում ներկայացնելու նպատակով և նոր գրքեր հավաքելու համար Աննա Բաբյանը օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ սփյուռքի նախարարության հետ կաշխատի:
Գայանե Առաքելյան