25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական անակնկալները ցանկալի են. ինչ սպասել 2017-ից

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը 2016 թվականին ունեցած ամենամեծ ձախողումը երկրի տնտեսության խայտառակ գահավիժումն է համարում: «Արտաքին պարտքի ահավոր և բարձր տեմպերը, մեծ չափը խայտառակություն է: Մենք արդեն ունենք 5.7 միլիարդ դոլարի պարտք, դա կազմում է մեր  համախառն ներքին արդյունքի, մեր ամբողջ հարստության 55-56 տոկոսը, և այն կաճի մինչև 57 տոկոս: Սա նշանակում է, որ մենք լրիվ կործանման եզրին ենք առանց չափազանցության»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ մեր երկիրն այլևս չունի զարգացման ռեսուրսներ, չի օգտագործում ոչ մի ռեսուրս, ձեռքերը գցել է պարտքն ավելացնելու վրա, ինչը կործանարար ճանապարհ է: Սա, ըստ նրա,  տանելու է դեֆոլտի. «Շատ արագ կունենանք մի վիճակ, երբ բյուջեն մուտք չի ունենա, միայն ծախսեր կունենա, և իրենք ապացուցեցին, որ  ոչ թոշակ, ոչ նպաստ , ոչ աշխատավարձ, ոչ մի բան չի ավելանալու եկող տարի»: Ա. Մանուկյանը խայտառակություն է որակում նաև հարկային եկամուտների չափը, որ 2017-ին կազմելու է 0.3 տոկոս, այսինքն` 50 միլիոն դոլար: «Սա ծիծաղելի է, 50 միլիոն դոլա՞ր, մի ամբողջ տարվա ընթացքո՞ւմ, մի ամբողջ երկիր այդքա՞նով  է ավելացնելու եկամուտը:

Սա մի սովորական ձեռնարկության արդյունք կարող է լինել, և եթե մեր իշխանությոննները գոնե ցույց տային  ճանապարհը, թե այս ծանր իրավիճակից ինչպես ենք դուրս գալու, էլի կարող է հույս առաջանար, որովհետև ցանկացած իրավիճակից էլ կարող է ելք լինել, բայց, ցավոք սրտի, այս վերջին մեկ ամիսը վերջնական հիասթափությունների փուլ էր, երբ իրենք ուղղակիորեն հայտարարեցին, որ ստվերից հարկային դաշտ ոչ մեկի չեն բերում, այսինքն իշխանավորների ապօրինի հարստացածը իրենց համար անձեռնմխելի դաշտ է, իրենք այդտեղ իրավունք չունեն աշխատելու: Սա է տխուր, այսինքն` տնտեսական զարգացման համար որևէ լուսավոր բան ցույց չեն տալիս»,-նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորը նաև մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում արտագաղթի նոր ու մեծ ալիք է հասունանալու: «Իսկ ամենամեծ դժբախությունն էլ հենց դա է, եթե չկա մարդ, արտադրող, չկա հղիացող ու զինվոր, ուսուցիչ ու աշակերտ, ի՞նչի մասին ենք խոսում, իսկ մեր  մեծագույն ռեսուրսը, որը սպառվում է, մարդկային ռեսուրսն է»:

Հարցին, թե վարչապետի, Կառավարության փոփոխությունը հույս չի ներշնչում, Ա. Մանուկյանը պատասխանեց. «Դրանք բոլորը եթե նպաստելու էին տնտեսական աճին, շատ արդարացված կլիներ: Շատերի մոտ կար այդ հույսը, որ Կառավարությունն ինչ-որ բան անում է, բայց երբ նրանք մտան «Հանրապետական» կուսակցություն, հիասթափության նոր ալիք եկավ: Երբ այս Կառավարությունը Գագիկ Խաչատրյանին, Սուրիկ Խաչատրյանին, Գագիկ Բեգլարյանին իշխանությունից հեռացրեց, հույս առաջացրեց հասարակության մեջ, բայց երբ հիմնավորեցին, որ ձեռք չեն տալիս հին հանցագործություններին, ապացուցեցին, որ դա իրենց խնդիրը չէ, և դա էլ բերեց հիասթափության»:

Ինչ վերաբերում է գազի սակագնի իջեցմանն, ապա Ա. Մանուկյանը հիշեցրեց, որ մի քանի տարի շարունակ ինքը ներկայացրել է գազի սակագնի իջեցման օրինական ճանապարհներ, ինչը ապացուցել են մասնագետները. «Ցավոք սրտի, այս իշխանությունը գնացել է  իջեցման աբսուրդ ճանապարհի, թե իբրև վրացիները կիջեցնեն տրանզիտի գինը: Սա անհույս ճանապարհ է, առավել  ևս որ պաշտոնական է դառնում, որ այդ գազատարի 25 տոկոսը ադրբեջանցիներն առնում են: Սա ծաղր է, և եթե այս էժանացման արդյունքում սպառումը չավելանա, ապա սպառումն իր վրա կվերցնի ռուսական կողմը, իսկ ենք տեսել ենք, որ «Գազպրոմը» զիջումների համար մեզնից ապրանքներ է վերցրել, և եթե մենք վճարելու ենք այդ ապրանքներով, դա մեզ համար ընդունելի չէ»,-ասաց նա:

Նոր տարուց, ըստ մեր զրուցակցի,  պետք է սպասել քաղաքական փոփոխություն: «Շատերն էին ասում, թե  այս Կառավարության փոփոխությունը վերջին շանսն է տեղաշարժեր անելու համար, իսկ մենք համոզված էինք, ու հիմա էլ ապացուցվեց, որ չկար տնտեսական զարգացման հեռանկար, այսինքն` քաղաքական  կամքի բացակայության պատճառով է, որ չի լինում տնտեսական փոփոխություն: Սրանից պարզ եզրակացություն` ապրիլի ընտրությունները պիտի լինեն քաղաքական լուրջ փոփոխության շանս, և միայն այդ դեպքում  մեր երկիրը կարող է հույս ունենալ տնտեսական փոփոխության, բարգավաճման, որի արդյունքում ներգաղթի: Այլ կերպ  պատկերը մռայլ է, արտագաղթը քայքայելու է ու մեռցնելու է Հայաստանը»:

Հարցին, թե քաղաքական անակնկալներ կարող են լինել, պատգամավորն արձագանքեց. «Ցանկալի է, որ լինեն, որովհետև մենք չենք գտնվում այնտեղ, որ չսպասենք այդպիսի բաներ, այս մարդիկ չեն ուզում կամավոր հանգիստ  գնալ բարեփոխումերի կամ չեն կարող, հազար ու մի մեթոդ  կիրառելով 20 տարի իշխանության են: Դա տրամաբանական չէ, չկա զարգացման հայտ ներկայացնող մի երկիր, որտեղ մի կուսակցություն 20 տարի իշխանության լինի, հա, կարող է լինի իշխանություն, բայց չլինի տնտեսություն»: Դիտարկմանը, թե այսինքն` 2017-ին հույսը պետք է դնել միայն իշխանափոխության վրա, Արամ Մանուկյանն ասաց.

«2017-ի հույսը պետք է լինի միայն ժողովրդի վրա, որովետև իշխանափոխությունը միայն դեպուտատներով չեն անում, անում են ժողովրդի ու քաղաքացիական ուժերի հետ  համատեղ: Մեր խնդիրը պետք է լինի հնարավորինս քաղաքականացնել ընտրությունները, որովհետև Վանաձորի ու Գյումրու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքականությունն ընտրությունների հետ կապ չունի, իսկ եթե հասարակությունն զգա մեր երկրի առջև կանգնած վտանգը, թե ինչ ծանր վտանգ է թողնում մեր խնդիրների չլուծումը, ինքներս պետք է վերջին շնչով վեր թռչենք ու փրկենք մեր երկիրը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ