Վարչապետի համար առանձնապես հեշտ չէ. Փաշինյանը՝ նախարարին
Այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը:
Բյուջեն ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք վերցրեց ու նետեց, թե ԱԺ կանոնակարգը լավ հնարավորություն է տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին խուսափել զեկուցողի կարգավիճակից, քանի որ նա չի ցանկանում մի շարք հարցերի պատասխանել:
՛՛Բոլորս էլ կռահում ենք, որ նրա համար առանձնապես հեշտ չէ՛՛,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետական բյուջեն հաշվապահական թվերի գումար չէ, այլ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է, որի համար պատասխանատվություն է կրում կառավարությունն իր առաջին դեմքով:
՛՛Ինձ հետաքրքրում է՝ կառավարության անդամները պետական բյուջեից ստանում են աշխատավարձ, երկրի տնտեսությունը ՛՛ջղայնացած՛՛ տեմպերով զարգացնելուց ազատ ժամանակ ի՞նչով են զբաղված՛՛,-հարցրեց նա:
Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց նաև այն մասին, որ ըստ ”Հետքի”` Կիպրոսում գրանցված ”WLISPERA HOLDINGS LIMITED” օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ”ադամանդագործ” Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:
Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ Փաշինյանի առաջին հայտարարությունները ուղղակի տեսակետ էին, ոչ թե հարցադրում, սակայն նկատեց, որ եթե կառավարության ղեկավարն էլ նորանշանակ լիներ, ապա պետք է նախարարը հաշվետվություն տար հին կառավարության համար:
Ինչ վերաբերում է ՛՛Հետքի՛՛ հոդվածին, ապա Սարգսյանն ասաց, որ լավ կլիներ, եթե Փաշինյանը ծանոթանար նաև կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, ըստ որի իրենք հերքում են այդ լուրը և դա հերյուրանք են անվանում: Նախարարը շեշտեց, որ վարչապետը դիմել է դատախազություն:
՛՛Հենց խնդիրը դրանում է, որ փոխանակ դատախազությունը դիմեր Տիգրան Սարգսյանին, նա է դիմել դատախազությանը, որպեսզի դուք այսօր հնարավորություն ունենաք ասելու՝ դատախազությունը կտա բոլոր հարցերի պատասխանը: Փորձը ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաները դիմում են դատախազություն նրա համար, որ պատասխանելու դեպքում ասեն՝ դիմել ենք՛՛: Ըստ Փաշինյանի՝ ՛՛հանրությունն անձամբ վարչապետից է ուզում լսել պատասխանը՛՛:
՛՛Ձեր հարցերը ոչ թե պատասխան լսելու, այլ ձեր հարցը հնչեցնելու համար են՛՛,-պատասխանեց նախարարը: