Ամենուր Սպայդր-մենն է, է թող Կիկոս քարոզեն . հեքիաթը կորցրել է իր իմաստը
Մանկագիրները փորձում են սեփական նախաձեռնությամբ գնալ շրջաններ, ներկայանալ երեխաներին և նրանց կապել գրքի հետ:
Հենարան մամուլի ակումբի այսօրվա հյուրերը` “Ծիծեռնակ” մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը և մանկագիր Սաթենիկ Ղազարյանը խոսեցին մանկական գրականության և դրանց պրոպագանդման մասին:
“Ծիծեռնակ” ամսագրի գլխավոր խմբագիր Անուշ Վարդանյանը հավաստեց որ իրենց ամսագրում այսօր տպագրվում են մերօրյա հայտնի մանկագիրների գործեր:
Անուշ Վարդանյանը նշեց,որ իրենք գրողների միությունում հարց են բարձրացրել,որ մանկական գրականության համար հատուկ մրցանակ լինի: Նա ցավ հայտնեց այն փաստի առթիվ, որ հայ գրողները թարգմանվում են օտար լեզուներով և նրանց գրքերը դրսում հրատարակվում են ավելի շատ օրինակներով քան Հայաստանում:
“Հայ գրողի գիրքը դրսում մրցանակ է ստանում,իսկ մեր ցավը նրանում է, որ հայոց լեզվով ստեղծված գործերը սահմանափակվում են: Այ համոզված եմ ,որ Էդվարդ Միլիտոնյանի “Արքայադուստր Թարսինեն” եթե Ամերիկայում տպվեր Հարի Փոթերից շատ արձագանք կունենար”,-նշեց Անուշ Վարդանյանը:
Մանկագիր Սաթենիկ Ղազարյանը ցանկանում է, որ շատ ուշադրություն դարձվի մանկան աշխարհայացքի ձևավորմամբ.” Երեխաների շապիկների, պայուսակների վրա սպայդր-մենն է, թող Կիկոսը քարոզեն` երեխան դա կնդունի: Երեխան մաքուր թերթ է և ընկալում է այն ինչ տրվում է”:
Անուշ Վարդանյանը տեղեկացրեց,որ այսօր ավելի շատ է ստեղծվում բարձրարժեք մանկական գրականություն քան անցյալ դարի սկզբին, երբ մեր մեծ գրողների` Թումանյանի, Իսահակյանի կամ Խնկո Ապոր կողմից հիմնականում թարգմանվում կամ փոխադրվում էին թափառող սյուժեները:
“ Անցած տարի իմ գիրքը ստացավ գրողների միության հատուկ մրցանակ, բայց ես համոզված եմ, որ որպես գրող դուք իմ անունը չգիտեք, սակայն կա մի բան իմ գրքից գործեր կան արդեն դպրոցական դասագրքում և ես երջանիկ եմ ,որ իմ գիրքը գտել է իր ճանապարհը”,-ասաց Անուշ Վարդանյանը:
Ըստ Անուշ Վարդանյանի սովետական շրջանում “ Ծիծեռնակ” ամսագիրը հրատարակվում էր 100-150 հազար օրինակ տպաքանակով, իսկ այսօր այդ տպաքանակը այնքան քիչ է, որ շատ քչերը գիտեն անգամ,որ մանկական այս ամսագիրը դեռ հրատարակվում է.” Ընդամենը 2 հազար օրինակ է,այն էլ շատ դժվարությամբ է սպառվում, այն դեպքում երբ այս ամսագիրը ամենաէժան մանկական ամսագիրն է Հայաստանում”:
Անուշ Վարդանյանը զարմանում է, որ բավականին թանկ ամսագրեր կան ,որ ավելի լավ են սպառվում: Այդ ամսագրերում հիմնականում թարգմանված ստեղծագործություններ են և հետապնդում են կոմերցիոն նպատակ: