՛՛Կարֆուրը՛՛ չէր կաշկանդվի
՛՛ ՛՛Կարֆուրի՛՛ հետ կապված հետևյալն ասեմ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ հրավիրում ենք ՛՛Կարֆուրի՛՛ ներկայացուցիչներին քննարկել իրենց հուզող, մտահոգող ցանկացած հարց: Ես չեմ կարող ասել՝ Էկոնոմիկայի նախարարության հետ ինչպիսի քննարկումների մեջ են, բայց մեր հանձնաժողովում ընդհանարպես չեն եղել, և մեր հանձնաժողովի հետ նրանց ներկայացուցիչները շփումների մեջ չեն մտել, չնայած որ ես սոցիալական ցանցերով և հարցազրույցների միջոցով հայտարարել եմ, որ եթե խնդիրներ կան թող գան և կազմակերպենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Շաբոյանը հրաժարվեց մեկնաբանել այն տեղեկությունները, որ Հայաստանում չեն թողնում ՛՛Կարֆուրին՛՛ գործունեություն ծավալել՝ վախենալով, որ նա կարող է վնասել տեղական խոշոր խանութների ցանցերին: ՏՄՊՊՀ նախագահը միայն նշեց.
՛՛Եթե ՛՛Կարֆուր՛՛ ընկերությունը, քանի որ շատ հեղինակավոր է և ամբողջ աշխահում հայտնի է, խնդիրներ ունենար, ինքը կաշկանդված չէր լինի բարձրաձայնել այդ խնդիրները, քննարկել պետական մարմինների հետ՛՛:
Անդրադառնալով նրան, որ ՛՛Կարֆուրը՛՛ Հայաստան չի գալիս, քանի որ խնդիր կա տարածքների հետ կապված՝ Շաբոյանն ասաց, որ ինքն այդ տեղեկատվությանը մամուլից է ծանոթ, բայց կարծում է, որ ցանկության դեպքում ընկերությունը կարող է տարածք գտնել, իսկ եթե չկարողանա ձեռք բերել, ապա վարձակալությամբ կարող է վերցնել:
՛՛Գործնականորեն ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի խոչընդոտներ կարող է լինել, որովհետև եթե ուզում են գործունեություն իրականացնել, կարող են գալ և իրականացնել, կգտնեն հարմար տարածքներ ու համապատասխան առևտրային գործունեություն կծավալեն՛՛:
՛՛Կարֆուրի՛՛ գալով հնարավոր է նոր մոնոպոլիա ստեղծվի, և մրցակցության խնդիրն ամենևին էլ չլուծվի:
՛՛Շատ հնարավոր է, նման ռիսկեր կան, որովհետև շատ խոշոր ընկերություն է, շատ ապրանքների գծով էլ միակ ներկրողն է լինելու, ու չենք կարող ասել, թե քաղաքականությունն ինչպիսի կլինի, ամեն դեպքում ինքը շատ խոշոր բաժին կունենա և այդ ռիսկերը կան՛՛,-եզրափակեց ՏՄՊՊՀ նախագահը: