Պաշտպանության նախարարը հետաքրքրվեց ռազմական ոլորտի նորամուծություններով
Հոկտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը այցելել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի “Երեւան Էքսպո” ցուցահանդեսային համալիրում անցկացվող “ԴիջիԹեք Էքսպո-2012” տեխնոլոգիական 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդես: Նախարարին ներկայացվել են տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի հայրենական եւ արտասահմանյան կազմակերպությունների տաղավարներում ցուցադրված արտադրատեսակները, ՏՏ սարքավորումների եւ համակարգերի, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական, համակարգչային գրաֆիկայի եւ մուլտիմեդիայի լուծումները, ինչպես նաեւ էլեկտրոնային կառավարման ոլորտի զարգացման հնարավորությունները: Սեյրան Օհանյանին հատկապես հետաքրքրել են ռազմական արդյունաբերության ոլորտում նորարական լուծումներով մի շարք ցուցանմուշներ, ինչպիսիք են ական որոնող սարքը, անօդաչու թռչող սարքերի մի շարք մոդելներ, նռնականետի, հրաձգային զենքի, զենիթահրթիռային համալիրների վարժասարքերը:
“ԴիջիԹեք Էքսպո-2012”-ի տաղավարներում շրջայցից հետո ռազմական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքը եւ ձեռքբերումները կներկայացնեն ռազմական արդյունաբերության ոլորտում պաշտպանության նախարարության հետ ինչպես արդեն համագործակցող, այնպես էլ համագործակցել ցանկացող կազմակերպությունները: “Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված ցուցանմուշներին կծանոթանան նաեւ այս օրերին ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություներում գտնվող մեր կենտրոնական ապարատի եւ զորամիավորումների հրամանատարների մեծամասնությունը, ինչի արդյունքում կընդլայնենք եւ մեր համագործակցությունը, եւ մեր պատվերները”,- նշել է պաշտպանության նախարարը եւ հավելել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է ռազմական արդյունաբերության զարգացման հայեցակարգ եւ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիր, որի իրագործումը գերատեսչության այս տարվա գերակա խնդիրներից մեկն է:
Ցուցահանդես այցի շրջանակում պաշտպանության ոլորտին ցուցաբերած ակտիվ աջակցության համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը “Գարեգին Նժդեհ” մեդալով պարգեւատրել է “Էլտեկ կոմպ” ՍՊԸ-ի տնօրեն Սուրեն Ավագյանին, “Ազգային գործիքներ” ՍՊԸ-ի ինժեներ-ճարտարապետ Արա Թառումյանին եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: