Տրանսպորտի եւ կապի նախարարն ընդունեց ՌԴ նորանշանակ դեսպանին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Նախարարը, շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, կարևորեց երկու երկրների միջև գոյություն ունեցող կապերը ինչպես ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտի, այնպես էլ կապի և հեռահաղորդակցության բնագավառներում:
Նախարարը նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունը սերտորեն համագործակցում է “Ռուսական երկաթուղիներ” ԲԲԸ դուստր ընկերություն հանդիսացող “Հարավկովկասյաներկաթուղու” հետ, ակտիվորեն մասնակցում է ընկերության գործունեության ընթացքումառաջացող խնդիրների լուծմանը և բնականոն աշխատանքների կազմակերպմանը: “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ն իր հերթին կատարում է ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները:
Խոսելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հեռանկարների մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ Հայաստանում գործում են ռուսական բջջային երկու օպերատորներ, որոնց աշխատանքի նկատմամբ նախարարությունը որևէ դժգոհություն չունի:
Նորանշանակ դեսպանն իր հերթին կարևորեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և “Ռոսկոսմոս” դաշնային գործակալության համագործակցությունը Հայաստանի տիեզերական ծրագրի, այդ թվում՝ սեփական արբանյակի ստեղծման նախագծի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն