Բանդիտների կյանքից . Առավոտ
“Առավոտ” օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրակամում գրում է. “Վերջերս Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների միջեւ տեղի էր ունեցել կլանային վենդետայի հերթական արարը, ոստիկանապետը մեկնել էր Գյումրի, հորդորել էր երկու ընտանիքների ներկայացուցիչներին վերջ տալ պատերազմին եւ հանձնել անօրինական զենքերը: Եթե դատենք ռեպորտաժներից, զենքի որոշակի քանակ, այնուամենայնիվ, հանձնվեց:
Կարծում եմ՝ անհրաժեշտություն է հասունացել նման միջոցների շարք անցկացնել նաեւ Սյունիքում, որի մարզպետը վաղուց արդեն դարձել է Ռամզան Կադիրովի նման մի կերպար, որը ինչ-որ հարցերում լոյալ է “կենտրոնին”, մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ իշխանություններին բերում է “կոմունիստական” 95 տոկոսը, սակայն դրա դիմաց հնարավորություն ունի իր մարզում հաստատելու սեփական բարքերը եւ ոչ մի օրենքի առաջ պատասխան չտալու: Մենք որոշ արտառոց երեւույթներ սկսել ենք ընդունել որպես “օրինաչափ”:
Մասնավորապես, թույլ տվեք ճշտել մի հարց. Սյունիքի մարզպետը պետական պաշտոնյա՞ է, թե՞ բանդայի պարագլուխ: Եթե պաշտոնյա է, ապա հետաքրքիր է՝ նա մտնո՞ւմ է այն անձանց ցանկի մեջ, որոնց օրենքով թիկնազոր է հասնում: Ո՞չ: Այդ դեպքում ասացեք ինձ, խնդրեմ, ի՞նչ է նշանակում՝ “վիրավորվել է մարզպետի թիկնազորի անդամ Նիկոլայ Աբրահամյանը”, “ձերբակալվել է մարզպետի թիկնազորի պետ Զարզանդ Նիկողոպանը” (որն, ի դեպ, Սյունիքում ահ ու սարսափ տարածող հիմնական զործիքներից է):
Այդ մարդկանց պաշտոնական պարտականությունների մեջ մտնո՞ւմ է կանգնել իրենց “շեֆի” ապարանքի մոտ եւ կրակել այն մարդկանց վրա, որոնք, իրենց կարծիքով, մարզպետի համար վտանգ են ներկայացնում: Մեկ այլ հանգամանք, որը նույնպես շատերը չեն նկատել: Մարզպետը նշանակովի պետական պաշտոնյա է՝ նա ընտրված պատգամավոր չէ, որ իրավունք ունենա ցանկացած պահի վայր դնել իր մանդատը:
Նա չի կարող երբ խելքը փչի՝ հայտարարել, որ ժամանակավորապես չի ցանկանում կատարել իր պարտականությունները: Նա պետք է հրաժարականի դիմում գրի, կամ առանց դիմումի ազատվի իր վերադասի կողմից: Պետական պարտականությունները մարզպետին ի վերուստ տրված շնորհ չեն, դա ծառայություն է, որը կատարում է հարկատուների գումարներով: Լիսկային, անշուշտ, այս անգամ էլ են “պլստացնելու”:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում