Խփել ու հայհոյել են ոստիկանությունում. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” -ը երեկ կեսգիշերին ահազանգ է ստացել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղի ունեցած մի դեպքի մասին: Այստեղ բռնության է ենթարկվել, ապա հիվանդանոց տեղափոխվել 52-ամյա Հովհաննես Էլոյանը: Վերջինս ոստիկանությունում է հայտնվել մի աննշան դիպվածի պատճառով: Էլոյանը մասնավոր տաքսիստ է: Ժամը 16-ին մոտ Զեյթունում գտնվող “Երեւան Սիթիի” մոտ մի կին կանգնեցրել է Էլոյանի տաքսին: Սուպերմարկետի աշխատակիցը իրերը դրել է մեքենայի բեռնախցիկը, իսկ ուղեւորուհին նստել մեքենան ու շարժվել են: Տեղ հասնելով՝ կինը վճարել է ուղեվարձը, շնորհակալություն հայտնել եւ մոռանալով իր իրերը մեքենայի բեռնախցիկում, հեռացել: Իրերի մասին մոռացած է եղել նաեւ վարորդը:
Մոտ մեկ ժամ անց նրան զանգահարել են, ասել, որ իրեր են մնացել բեռնախցիկում եւ առաջարկել գնալ նույն սուպերմարկետի մոտ: Այդ ժամանակ Էլոյանը թոռնուհուն պարի պարապմունքից տուն տանելիս է եղել: Շուտով նա մոտեցել է խանութին: Այստեղ նրան ասել են, թե իրերի տերը հիմա կգա, կվերցնի: Սակայն Էլոյանը հիշելով, թե ուր էր տարել հաճախորդին, գնում է հենց տան բակ: Այստեղ կանգնած են լինում այդ կինը եւ եւս երկու երիտասարդ, որոնք չեն թողնում, որ իրերը նա իջեցնի ու մեքենայով հանդերձ նրան տանում են ոստիկանության բաժին:
“Հենց ներս մտա կաբինետ, դռան մոտ կանգնած քաղաքացիական հագուստով մեկը հայհոյելով հարձակվեց ու խփեց ինձ”,- մեր հետ զրույցում պատմեց Էլոյանը: Վերջինս սրտի հիվանդություն ունի, որը նյարդային այդ իրավիճակից սրվել էր: Շտապօգնության մեքենա են կանչել, որին, սակայն, երկար ժամանակ թույլ չեն տվել Էլոյանին տեղափոխել հիվանդանոց”, գրում է թերթը:
Մանրամասներն այսօրվա համարում: