Կոնսերվատորիայի դասախոսները սովամա՞հ են լինում. Առավոտ
Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը “Առավոտ”-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց բուհում ուսման վարձերը բարձրացնելն ուղղակի անհրաժեշտություն է: Ըստ նրա, կոնսերվատորիայի բյուջեի առյուծի բաժինը՝ 85 տոկոսը, գնում է միայն աշխատավարձերի վրա, մինչդեռ կոնսերվատորիան պահպանման եւ զարգացման խնդիրներ ունի: Ռեկտորն ասում է, որ կոնսերվատորիայում պետպատվերով սովորող ուսանողի համար պետությունը 30-35 տոկոսով ավելի շատ գումար է վճարում, քան վճարովի համակարգում սովորողի վարձավճարն է:
“Վճարովի համակարգում սովորող ուսանողների վճարածը իրենց ուսման համար ծախսված գումարի 50 տոկոսն էլ չի կազմում, իսկ այն աշխատավարձը, որ ստանում են մեր դասախոսները, ուսանողի վճարած գումարի հազիվ կեսն է կազմում, եթե հարկերն էլ հանենք, տակը բան չի մնում…
Մենք համարյա ինչքան ուսանող, այնդքան էլ աշխատող ունենք, եթե չվճարենք, այդ մարդիկ հո սովամահ չե՞ն լինելու: Այսօր Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է աշխարհում ամենացածր աշխատավարձը”-նշել է ռեկտորը:
Նա տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվանից 800000 դրամ պետք է վճարեն դասական վոկալի համար, իսկ գործիքային կատարողները՝ 700000 դրամ: Բարձրացումները վերաբերելու են միայն առաջին կուրս ընդունվածներին: Ռեկտորը չմոռացավ նշել, որ քիչ չեն այն ուսանողները, որոնք, իր բառերով, միլիարդավոր թղթեր են բերում, ուսման վարձերը զեղչելու համար:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: