Առաջարկում է գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով` հիմնավորումը կա
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը առաջարկեց գազը թանկացնել ոչ թե 24, այլ 14 դրամով: Հիշեցնենք, ըստ պաշտոնական աղբյուրների նախնական տեղեկությունների` գազը կթանկանա 24 դրամով` սահմանված 132-ից դառնալով 156 դրամ` մեկ խորանարդ մետրի համար:
“ՀայՌուսգազարդի փաթեթից կարելի է առանձնացնել այն կտորը, որը վերաբերում է մոդեռնիզացիայի և նոր գազաֆիկացման ծրագրերին, որը թույլ կտա սուբսիդավորումից հետո գազը թանկացնել ոչ թե 24 դրամով, այլ 14-ով”:
Էլեկտրաէնեգիայի թանկացման վերաբերյալ Մակարյանը նշեց, որ այն ունի մի քանի հիմնավորում, որոնք են գազի թանկացումը, աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը և անվտանգության ապահովման ծախսերը:
“ԵՄ-ի հետ համագոծակցության ճանապարհային քարտեզում նշված է, որ ՀՀ-ում և Ուկրաինայում այս տարվա ընթացքում պետք է իրականացնել “Սթրես թեստ”: Այստեղ կարևոր է, որ ԵՄ-ն ֆինանսներ է տրամադրում այդ ամենը իրականացնելու համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է անվտանգության ապահովման խնդիրը կապվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման հետ”,-Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը առաջարկում է էլեկտրաէնեգիայ գինը բարձրացնել 11 , 13-14 դրամի փոխարեն:
“Գազի գնի թանկացման պայմաններում նրա ազդեցությունը էլեկտրաէներգիայի վրա կլինի 2.5 դրամից ոչ ավել, այսինքն կարելի է բարձրացնել այն ոչ թե 8-10 դրամ, այլ 4-5, որը թույլ կտա բարձրացնել նաև աշխատավարձերը”:
Գ. Մակարյանը պատրաստվում է նամակ հղել վարչապետին իր մտահոգությունների վերաբերյալ:
“Կամ կառավարությունը պետք է խիզախ քայլերի գնա, կամ քաղաքացիական հասարակությունը ակտիվանա և դրդի այդ քայլերին: Այժմ կառավարությունում 4-5 նախարարի կարելի է թողնել, մյուս 12 նախարարները փոփոխության կարիք ունեն: Կառավարության ծրագիրը շատ ավելի մոդեռն է, իսկ նախարարները իրենց մտածելակերպով չեն կարող նպաստել այդ ծրագրի իրագործմանը”,-ասաց նա` հավելելով, որ եթե փոփոխություններ չկատարվեն, կառավարության ծրագիրը կիրականացվի միայն 20% -ի չափով: