Ռոբերտ Քոչարյանի հույսը նոր վարչապետն է, եթե չխանգարեն /վիդեո/
«Նոր վարչապետի վրա շատ հույս ունինք, եթե չխանգարեն, իսկ Ազգային ժողովն էլ թող քիչմ խիղճ ունենա»,- այս կարծիքն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը, ով ապրում է Արթիկում։ «Իմ հորս անունը Սարգիս է, նախագահինը Սեդրակ, մենակ էդ է տարբերությունը»-ավելացնում է Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի նման ամեն օր «քաղաքական դաշտում է», «ինձի պես պարապ մարդկանց հետ կքննարկենք, թե ինչ պտի էղնի մեր երկրի վիճակը, ընչի՞ պակաս կհասկնանք, մենակ թե մեզի լսող չկա»,-հավելում է 76 տարեկան պապն ու կիսվում մեզ հետ մտահոգություններով , պատմում նաեւ, թե ինչպես է հանդիպել իր անվանակից նախագահի հետ։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է տարիներ առաջ, երբ նամակ է գրել ու փեսայի հետ գնացել է անձնական խնդիրը ներկայացնելու ։ Հանդիպման ժամանակ նաև խորհուրդներ է տվել նախագահին, թե «խիղճ ունեցեք, ժողովրդին լավ նայեք»։ Նախագահը լավ ընդունել է, լսել, «ինչ հարցով էլ գնացել էինք որոշ լավ է եղել», ինչ վերաբերում է խորհուրդին՝ արթիկցի Ռոբերտ Քոչարյանը նշում է․ «ըսողին լսող է պետք»։
Ռոբերտ Քոչարյանի հույսը նոր վարչապետն է, ով նոր ընտրված Արթիկի քաղաքապետի հետ աշխատեղեր կստեղծի․ «մեզ համար չէ, ջահելների համար աշխատատեղեր ստեղծեն, շատ չէլնին երթան, ուրիշ երկրներ աշխատելու, մեռել եղնին գան։ Գիտես ամսական քանի մեռել կուգա։ Կեսը Ղարաբաղից, կեսն էլ Ռուսաստանից»։
Նոր քաղաքապետից նոր աշխատեղեր սպասում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Արթիկի մյուս բնակիչները։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը խոստացել էր նոր աշխատատեղեր ստեղծել։
Բայց քաղաքապետ դառնալուց հետո Մխիթար Վարագյանը չթաքցրեց, որ սկսելու է կրճատումներից։ Քաղաքապետարանի որոշ բաժնի պետեր ազատվելու են աշխատանքից։ Միաժամանակ նշեց, որ կարի արտադրամաս հաստատ հիմնվելու է։ Այս հարցում նրան օգնելու է նաեւ Ղազախստանում բնակվող նրա եղբայրը, ով սերտ կապեր ունի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ.
«Ղազախստանում բնակվող եղբայրս ընկերների հետ պատրաստվում է Արթիկում կարի ֆաբրիկա բացել։ Սկզբում որոշել էին 400 աշխատատեղով, բայց հիմա ամեն ինչ անելու ենք, որ 700 և ավելի աշխատետեղեր բացենք մեր քաղաքում»։