Պահանջում են հանրայնացնել գազի գնի վերաբերյալ պայմանագիրը
Կանխենք գազի թանկացումը նախաձեռնության ներկայացուցիչ, Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ երեկ կազմակերպված լսումներին գազի նոր սակագնի վերաբերյալ:
“Քննարկման կարգավիճակը հայտնի չեղավ. որոշ առումներով խոսվում էր հանրային քննարկման, որոշ առումներով աշխատանքային քննարկման մասին, որոնք տարբեր գործառույթներ ունեն”:
Հանրային ծառայությունների ոլորտի մասնագետը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր է լսել քաղաքացիական տարբեր խմբերի մոտեցումները գազի սակագնի ձևավորման վերաբերյալ, սակայն երեկվա քննարկմանը չի ապահովվել տարրական պայմաններ դրա համար:
“Դահլիճը պատրաստ չէր ոչ իր չափերով, ոչ տեխնիկական սարքերով և բարձրախոսով: Իմ տպավորությունն է, որ ՀԾԿՀ չկա: Այն հանրության հետ աշխատելու որևէ ձև չգիտի”,-նշեց մասնագետը:
Նախաձեռնության ներկայացուիցչը հայտնեց, որ իրենց պահանջների թվում է գազի գնի վերաբերյալ պայմանագրի հանրայնացումը:
“Պահանջում ենք հանրայնացնել այն: Գուցե չեմ վստանում հայտարարված գնին, չեմ հավատում”:
Կանխենք գազի թանկացումը նախաձեռնության մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը հավելեց, որ հանձնաժողովը միայն իրեն հայտնի պատճառներով մերժեց քննարկումը ավելի տարողունակ դահլիճ տանելու իրենց առաջարկները:
“Այսօր կառավարության աշխատակազմի ղեկավարի անունով հանձնելու ենք դիմում քննարկումը կառավարության նիստերի դահլիճում անցկացնելու համար, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել մոտեցումները խնդրի վերաբերյալ”:
Ա. Գրիգորյանը նկատեց, որ 2010թ.-ի 4 700 աշխատակիցների համեմատ 2013թ.-ին “ՀայՌուսգազարդը” այժմ ունի 6 000 աշխատակից:
“Դա այն դեպքում, երբ կազմակերպությունը չի ավելացրել որևէ գործառույթ, և եթե հաշվարկենք 227 հազար դրամ միջին աշխատավարձով, ապա կստացվի բավականին մեծ թիվ”: