Վարչապետը փոխվեց, «փոզմիշ եղավ»
«Աբրահամյանները կերթան Վարագյանները կուգան, Վարագյանները կերթան Աբրահամյանները կուգան»։ ԱԺ նախկին պատգամավորը ստանձնեց Արթիկի քաղաքապետի պարտականությունները։
Նոյեմբերի 14-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրեց Արթիկի նորընտիր քաղաքապետ հանրապետական Մխիթար Վարագյանին ու ավագանու անդամներին։
Նշենք, որ ընտրությունները անցկացվել էին հոկտեմբերի 2-ին և անկանխատեսելի էին արդյունքները։ Հանրապետական կուսակցությունը այստեղ սատարելու էր ԲՀԿ-ական, Աժ պատգամավոր Մուշեղ Պետոյանին, սակայն ՀՀԿ-ական, բայց ինքնառաջադրված Մխիթար Վարագյանը 154 ձայնի տարբերությամբ կարողացավ դառնալ Արթիկի քաղաքապետ։
Նախկին քաղաքապետ՝ Արսեն Աբրահամյանը շնորհավորեց նորընտիր քաղաքապետին, նշելով կարողացել է փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, «մնում եմ Արթիկի քաղաքացի, և պատրաստ եմ իմ գիտելիքները ու 4 տարվա փորձը, գիտելիքները պահանջի դեպքում ներդնել քաղաքի զարգացման համար»։ Մխիթար Վարագյանն էլ հավելեց, որ նախընտրական խոստումները դառնալու են իրականություն, ։ Մասնավորապես, այն, որ ներդրումների շնորհիվ նախատեսվում է կառուցել տեքստիլ արտադրամաս, որտեղ կաշխատեն մոտ 700 արթիկցիներ։ Իր ելույթում նաև նշեց. «Համատեղ աշխատանքի շնորհիվ, կկարողանանք աշխատել, ընտրությունները արդեն անցյալում են, պետք չէ քաղաքը բաժանել սևի և սպիտակի, բոլորս միահամուռ լինենք, ամուր բռունցք լինենք, որ կարողանանք օգնել մեր քաղաքին»։
Պաշտոնական արարողությունից հետո Արսեն Աբրահամյանը հանձնեց բոլոր փաստաթղթերը նորընտիր քաղաքապետին։ Ըստ շրջանառվող լուրերի, Արսեն Աբրահամյանը պայմանավորվածություն էր ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, այն մասին, որ չի առաջադրելու իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններին, փոխարենը այլ պաշտոն էր խոստացվել։ Բայց «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», վարչապետը փոխվեց, հանրապետականի աջակցությունը ստացած թեկնածու՝ Մուշեղ Պետոյանն էլ պարտվեց ընտրություններում։