Վարդաշենի սովխոզում ավելի է լավ է քննարկում կազմակերպվում. գազային կրքեր /վիդեո/լրացված/
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քիչ առաջ մեկնարկեց գազի գնի թանկացման շուրջ քննարկումը: Արդեն 20 րոպե է` ներկաներից ոչ մեկը չի խոսել գազի գնին: Հրավիրվածները դժգոհում են նիստի համար հատկացված դահլիճի տարածքից:
Նիստի համանախագահողը Շիրազ Կիրակոսյանն է, այստեղ են նաեւ շարքային քաղաքացիներ, հասարակական գործիչներ, Արշակ Սադոյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Պողոսյանը, բնապահպան ակիվիստներ: Նրանք արդեն բավականին երկար ժամանակ գոռգոռում են` պահանջելով քննարկումը կազմակերպել ավելի հարմարավետ դահլիճում, որտեղ շնչելու օդ կա եւ որտեղ հնարավոր կլինի լսել իրար:
Արշակ Սադոյանը նետեց. “Գալըչկի համար եք անում”: Ի պատասխան` Շիրազ Կիրակոսյանը խնդրեց հարգել միմյանց, ապա բնապահապաններն սկսեցին բողոքել, որ չեն կարողանում շնչել: “Վարդաշենի սովխոզում ավելի է լավ է քննարկում կազմակերպվում”,-սա էլ Անդրիաս Ղուկասյանի ռեպլիկն էր:
Կիրակոսյանը ընդմիջելով հայտարարեց, որ իրենք մոտ 10 րոպե կքննարկեն եւ կհայտարարեն իրենց որոշման մասին: Նշենք, որ շենքի դիմաց այս պահին ոստիկանների հսկողության ներքո հավաքվել են մի խումբ քաղաքացիեր, ովքեր եւս ցանկանում են մասնակցել քննարկմանը :
Մասնակիցների պահանջն է դրսում հավաքված քաղաքացիներին ևս ներգրավել քննարկմանը, ու իրենց էլ խոսափողներ տրամադրել:
16:00
Մոտ տասը րոպեից հետո դահլիճ եկավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա փորձեց հանդարտեցնել կրքերը, սակայն դա նրան այդքան էլ չհաջողվեց: Սադոյանը ծաղրանքով ասաց, որ եթե ավելի մեծ դահլիճ վարձելու հնարավորություն չունեն, ապա իրենք կարող են հանրության միջոցներով վարձել այդ տարածքը:
՛՛Բայց ես տեղյակ եմ, որ դուք լավ էլ աշխատավարձներ եք ստանում՛՛,-ասաց նա ու հավելեց. ՛՛Եթե հնարավոր է լուրջ մարդավարի քննարկումներ անել, ի՞նչի չանել՛՛:
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները զուգահեռաբար խոսում էին, և Նազարյանը խնդրեց մի բանը մի քանի անգամ չկրկնել: Նրան պատասխան եղավ, որ որքան ուզում են, այնքան էլ խոսում են:
Բանավեճը դեռ շարունակվում է:
Ի վերջո որոշվեց դադարեցնել քննարկումները: