Մարդու իրավունքների կոմիտեն փաստել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականության դրսևորումները
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում
հայ փոքրամասնության նկատմամբ ոտնձգությունների և խտրականության
դրսևորումների վերաբերյալ:
Այս մասին ասված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ադրբեջանի
վերաբերյալ չորրորդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկման մեջ:
«Կոմիտեն մտահոգված է Ադրբեջանում հայ փոքրամասնության ներկայացուցիչների
նկատմամբ ոտնձգությունների եւ խտրականության դրսևորման հաղորդումների
կապակցությամբ, ինչպես նաև այդ անձանց կողմից` սեփական հայկական
ինքնությունը ճանաչելու դժկամությամբ: Մեզ անհանգստացնում են
հաղորդումներն այն մասին, որ հայկական ազգանուն ունեցող
օտարերկրացիներին, անկախ նրանց քաղաքացիությունից, չի թույլատրվում մուտք
գործել Ադրբեջան»,- ասված է կոմիտեի դիտարկման մեջ:
Կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել բոլոր
անհրաժեշտ միջոցները` կանխելու և պայքարելու հայ փոքրամասնության
նկատմամբ ոտնձգությունների դեմ: Պաշտոնական Բաքվին հորդորել են նաև
կամայական և խտրական հիմքերով չարգելել հայկական ազգանուն ունեցող անձանց
մուտքը Ադրբեջան:
Եզրափակիչ դիտարկման մեջ կոմիտեն մտահոգություն է հայտնել նաև
Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների նկատմամբ հարձակումների, խոսքի
ազատության, խաղաղ հավաքների անցկացման սահմանափակումների կապակցությամբ: