Ռուսներն իմ հալալ ախպերները չեն … թող փոս փորեն /վիդեո/
Երևանցիները վստահ են, որ գազի թանկացմանը հետևելու է հացի թանկացումը: ”Դա էլ կթանականա, հացը գազով են թխում չէ, անպայման թանկանալու է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ կաթնամթերքն էլ է թանկանալու և դրանց էլ հետևելու է այլ ծառայությունների թանկացումը, քանի որ Հայաստանում ամեն ինչ շաղկապված է:
Մի տիկին էլ նկատեց, որ թանկացումների պատճառը ոչ թե գազի թանկացում է, այլ ”Հայաստանը սխալ քաղաքականություն է վարում գների հետ կապված: Արտագաղթը կմեծանա, հենց հնարավորություն լինի, բոլորն էլ կգնան, քանի որ ուզում են լավ ապրել”,-ասաց:
Հանդիպեցինք նաև քաղաքացիների, ովքեր նորմալ են համարում գազի թանկացումը: Օրինակ` Ալֆրեդ Կզարթումյանը, ով ներկայացավ որպես Ազգային ավնտանգության ծառայության պահեստի փոխգնդապետ, ասաց, որ գազի թանկացումն օբյեկտիվ պատճառներ ուներ:
”Եթե ուզում ենք նորմալ պետություն լինենք, պիտի գազը թանկանար, ինչքան կարան մեզ էժան տան գազը: Ռուսներն իմ հալալ ախպերները չեն, բայց մենք պտի համակերպվենք ու աշխատենք այս լացուկոծը ժողովրդի միջից հանենք: Եթե ուզում են լավ ապրել, անընդհատ լաց լինելով լավ չեն ապրի”:
Մեր դիտարկմանը, որ մարդիկ այդքան գումար չունեն: Նա ասաց, որ այսօր երիտասարդները նախընտրում են գողություն անել, քան աշխատել: Իսկ այն, որ այսօր աշխատանք չկա, ըստ նրա՝ ուղղակի պատճառաբանություն է աշխատել չցանկացողների համար. ”Բնավորություն, թող գնա բանվորություն անի, փոս փորի: Աշխատանք չեն գտնում, քանի որ գիտելիք չունեն, գնում են հարցազրույցի բանկերում ու տեսնում են, որ զրո են”:
Զրույցի մյուս մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ բնակչությանը մատակարարվող մեկ խորանարդ մետր գազի սակագինն այսօր 132 դրամ է:
”ՀայՌուսգազարդ”-ը ընկերությունը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ ԱԺ-ում լսումների ժամանակ հայտարարել էր, որ գազը, հավանաբար, հուլիսից կթանկանա: Նախնական տեղեկություններով` գազը կթանկանա 24 դրամով: