28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իմ և Մխոյի միջև ոչ մի նմանություն չկա»

Շատերին հայտնի «Բանակում» հեռուստասերիալում Մխոյի կերպարը մարմնավորող Հովհաննես Դավթյանը չի ժխտում՝ հանրությունն իրեն ավելի շատ ճանաչեց ու սիրեց հենց այդ կարպարով, բայց, այդուհանդերձ, պարզվում է՝ Մխոյի էությունն ու բնավորությունը խորթ են դերասանին։ Այս և նմանատիպ հետաքրքիր հարցերի մասին Henaran.am-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ։

-Հովհաննե՛ս, ինչպիսի՞ կերպարներ եք սիրում կերտել։

-Ինչ կերպար էլ լինի, կփորձեմ գտնել նրա հատկանշական կողմերը։ Փորձում եմ բոլոր կերպարները հնարավորինս լավ կերտել, չգիտեմ՝ որն ինչպես կստացվի։ Դա իմ մասնագիտությունն է, ուստի պետք է կարողանամ խաղալ և՛ դրական, և՛ բացասական դերեր, կերտել և՛ կատակերգական, և՛ ողբերգական, և՛ դրամատիկ կերպարներ։ Բայց ստացվել է այնպես, որ կատակերգական ժանրն ինձ ավելի հոգեհարազատ է, ու ժամանակն էլ այնպես ցույց տվեց, որ կատակերգական կերպարներն ավելի շատ եղան իմ ստեղծագործական կյանքում։ Համենայն դեպս, մինչև այսօր այդպես է։ Չգիտեմ՝ հետո ինչ կփոխվի։ Բայց ես դրանից դժգոհ չեմ․ հնարավոր է, որ այդպես էլ շարունակվի։

-Ձեր կերտած կերպարներից ո՞րն է Ձեզ համար ամենահոգեհարազատը։

-Բոլոր կերպարներն էլ սիրում եմ, քանի որ այդ կերպարները ես եմ ստեղծում, արարում․ դրանք միս ու արյունից են։ Տարբերություն չեմ դնի։ Ինձ համար բոլոր կերպարներն էլ թանկ են, սիրելի․ նրանք կարծես իմ երեխաները լինեն։

-Ի՞նչ եք կարծում, հանրությունը Ձեր մարմնավորած կերպարներից ամենաշատն ու՞մ սիրեց։

-Կարծում եմ՝ հանրությունն իմ կերտած կերպարներից ամենաշատը սիրեց «Բանակում» հեռուստասերիալից Մխոյի կերպարը։

-Իսկ Ձեր և Մխոյի միջև նմանություն կա՞։

-Ոչ մի տեսակի։

-Հայ թատերական արվեստում ո՞վ է ձեզ համար բարձրակետ համարվում։

-Իհարկե հայ թատերական արվեստում ու կինոյում կան բազմաթիվ երախտավորներ։ Չեմ կարող առանձնացել մեկին, բայց պետք է ասեմ՝ դեռ փոքրուց շատ եմ սիրել ու տարված եմ եղել Կարպ Խաչվանկյանի խաղով։ Միշտ գնում էի Պարոնյանի անվան թատրոն ու նայում իր ներկայացումները։ Հենց նրանից այդ կայծը եղավ իմ մեջ՝ սերը դեպի կատակերգական ժանրը։

-Կա՞ն կերպարներ, որոնք երազել եք կերտել, բայց դեռևս չեք հասցրել։

-Վերջին տարիներին այդ մասին այդքան էլ չեմ մտածում, քանի որ ես հիմա խորացել եմ մոնո ներկայացումների մեջ։ «Stand up» -ի էլեմենտներով մոնո ներկայացումներ եմ անում։ Շարունակելու եմ նույն եռանդով աշխատել, ավելի շատ ուժ ու կորով ներդնել , որպեսզի է՛լ ավելի բարձրացնեմ իմ ներկյացումների ճաշակը, որակը, սրությունը․․․ բոլոր կողմերը։ Քանի որ հիմա այդ ժանրում եմ ստեղծագործում, ստացվել է այնպես, որ թատերական կերարների հետ կապված՝ իմ ցանկությունները, նպատակները այսպես ասած՝ մղվել են երկրորդ պլան։ Արդեն երեք տարի է, ինչ թատրոնից դուրս եմ եկել։ Եթե երբևէ մտնեմ ինչ-որ պետական թատրոն, խաղամ ռեպերտուարային ներկայացումներում, ու նոր գործեր բեմադրվեն, միգուցե, այդ նոր գործերի մեջ կլինեն ինձ համար հետաքրքիր ու հարազատ կերպարներ, որոնք կցանկանամ ու կփորձել խաղալ։ Բայց այս պահին դեռևս թատրոն մտնելու և այդպիսի կերպարներ կերտելու մասին չեմ մտածում։

Հացազրույցը վարեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ