Ես քո համար խանգարող չեմ նստած էստեղ. բանավեճ Ազգային ժողովում
Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար 2017 թվականին 6.8 միլիարդ դրամ է հատկացվելու ներառյալ նաև ասիական և այլ բանկերի կողմից տրվող գումարները: Այս մասին այսօր Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը նախ հետաքրքրվեց Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներից, որտեղ նախապես անցողիկ կամուրջներ չեն եղել, հետո են կառուցվել: Պատգամավորը նշեց, որ այս ճանապարհահատվածները կառուցվել էին, և պաշտոնական բացումն էլ եղել էր, սակայն հետո կրկին փակվեց, ապա սկսեցին այդ կամուրջները գործարկել, և հենց այդ ճանապարհահատվածներում եղել են մահվան ելքով ավտովթարներ:
Նախարարը համաձայնեց, որ եղել են թերացումներ, մասնավորապես, որ հետո են սկսել կառուցել կամուրջները, բայց վստահեցրեց՝ ճանապարհը վնասված չէ, անձամբ 2 անգամ եղել է այնտեղ ու համոզվել: Ճանապարհի բացման վերաբերյալ նա նշեց՝ 2017 թվականի վերջն է նախատեսված. «Բայց բոլոր շինարարների հետ զրույցների արդյունքում հասանք նրան, որ մինչև մայիսի սկիզբ բացվի ընդհանուր ճանապարհը, բայց որոշ հատվածներ մինչև նոր տարի, իսկ կամուրջները կլինեն վերևում:
Մահացու դեպքերի հետ կապված սպասենք արդյունքներին, հետաքննությանը, չենք կարող ասել, որ այդ ճանապարհի պատճառով է եղել վթարը, կարող է՝ խմած է եղել»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորն ճանապարհահատվածներն ապահովված են նշաններով, պետավտոտեսչության հետ աշխատել են, ու նշաններ կան նաև շրջանացիկ ճանապարհների վրա:
Արամ Մանուկյանն արձագանքեց, թե այդ զոհերը եղել են՝ բախվելով այդ ճանապարհին: Այս գնահատականը դուր չեկավ ՏՆտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին, ով նիստի վարողն է, և նա հորդորեց պատգամավորին նման գնահատականներ չանել: «Հանգիստ»,-ասաց Մանուկյանը: «Ես հանգիստ եմ, դու հանգստացի:
Ոնց որ կռիվ ման գաս նստածդ տեղը, նախարարն ասում է՝ հետաքննությանն սպասենք, դուք ասում եք՝ ճանապարհի մեղքով է եղել, հարց տվեք»,-հորդորեց նա: Արամ Մանուկյանն էլ իր հերթին հորդորեց չխանգարել իրեն: «Լսի դու չես որոշում, խանգարեմ, թե ոչ, ես քո համար խանգարող չեմ նստած էստեղ: Բյուջեի վերաբերյալ հարցդ տուր»,-ասաց Վ. Այվազյանը:
Պատգամավորը հարցրեց, թե արդյոք պետական պարքտն ավելանալու է Հյուսիս-Հարավի կառուցպատման համար:
«Մենք քննարկում ենք մասնավոր ներդրողների հետ, որ խնայենք պետական ու վարկային միջոցները, ունենք հատվածներ, որ կարող ենք մասնավոր ներդրողների հետ կառուցել, դրանով կթեթևացվի Հյուիս-Հարավի բեռը: Իսկ լրացուցիչ վարկ, եթե կառուցվի, լինելու է»,-ասաց նախարարը: