Սենց տեղ չենք հասնի. պատգամավորը՝ նախարարին
Հայաստանը դեռևս մի մասն է իրացրել, որ ընձեռնում է ԵՏՄ-ը: Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նաև նշեց, որ նախարարությունը մի շարք ծրագրեր է նախատեսել՝ ներդրումների համար լավ միջավայր ապահովելու համար:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ այս նախարարությունը լուրջ նշանակություն է ունենալու ՀՀ տնտեսական զարգացման համար: «Ակնկալում ենք, որ դուք ունենալու եք բիզնես մտածողություն, այս աշխույժ միջոցառումները, որ ասում եք, շատ լավ է, բա էլ ինչո՞ւ ենք ակնկալում այդքան փոքր տնտեսական աճ»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Նախարարն էլ պատասխանեց, թե չի բացառվում, որ տնտեսական աճը իրենց բոլոր միջոցառումների իրականացման արդյունքում ավելի լինի, քան նախատեսածը, բայց տնտեսական ու ֆինանսական միջավայրի հաշվարկները ցույց են տալիս, որ 2017-ին նախատեսվող տնտեսական աճը 3.2 տոկոսի սահմաններում է լինելու:
Մ. Մելքումյանը նաև խնդրել էր անդրադառնալ ամեն տարի նվազող ներդորումների ծավալին: Սրա վերաբերյալ Ս. Կարայանն ասաց, որ իրենց իրականացվելիք միջոցառումները կբերեն որոշակի ներդրումների աճի ապահովման, սակայն հարց է, թե երբ կլինի ներդրումների հոսքը: «Նախատեսված է, որ մեր հիմնական միջոցառումները կայանալու են նրանում, որ մենք մեծացնենք ՀՀ-ի՝ որպես ներդրումային միջավայրի գրավչությունը: Ստեղծելու ենք բոլոր ինստիտուցիոնալ համակարգերը, որպեսզի խրախուսենք ներդրումները Հայաստանում, ստեղծելու ենք ֆինանսավորում իրականացնող ներդրումային հիմնադրամ: Բոլոր խոչընդոտները մեր կողմից կվերացվեն, մենք կստեղծենք նպաստավոր ու ներդրումային միջավայր»,-նկատեց նախարարը: Վերջինս շեշտեց, որ ակտիվ աշխատանքներ են իրականացնելու նաև, որպեսզի գովազդներ տարածեն ամբողջ աշխարհով մեկ՝ ցույց տալու Հայաստանի գրավիչ ու եկամտաբեր ներդրումային միջավայրը:
Միքայել Մելքումյանն արձագանքեց, թե այն, ինչ որ ներկայացված է բյուջեով իրականացվելիք ծրագրերի մեջ, չի ապացուցում, որ հաջորդ տարի ներդրումներ են լինելու: «Դուք էլ հո պատահական մարդ չեք, ծանոթ եք կառավարությանը, այն ժամանակ էլ էր փորձ արվում, բայց դրական աճ չկա, սենց չի լինի, մենք սենց տեղ չենք հասնի»,-նետեց նա: Ս. Կարայանն արձագանքեց, թե իրենք ամեն ինչ անելու են դրա համար:
«Դուք ակտիվ աշխատում եք, ներդրումների ծավալն իջնո՞ւմ է»,-զարմացավ պատգամավորը: