Երևանում կգործի սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և “Կիլիկյան Բարեսիրական Միության” հովանավորությամբ Երևանի Նար –Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով ստեղծվել է հիմնական հանրակրթական դպրոց 1–9 րդ դասարանների աշակերտների համար։
Դպրոցի գործունեության և կրթական ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս քաղաքապետարանի պատրաստակամությունն է հայտնել սիրիահայ երեխաների կրթության հետ կապված խնդիրների լուծման և աջակցման հարցում. “Սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոցը էլ ավելի դյուրին կդարձնի սիրիահայ երեխաների ուսուցումը Երևանում։ Սիրահայ ընտանիքները առաջին իսկ օրվանից եղել են մեր ուշադրության կենտրոնում և այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որ մեր հայրենակիցները Երևանում իրենց զգան ինչպես տանը”,-նշել է քաղաքապետը, հավելելով, որ արդեն իսկ սիրիահայ ընտանիքների 58 երեխա Երևանի ավագանու որոշմամբ անվճար հաճախում են մանկապարտեզ:
Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, հատկանշել է Երևանի քաղաքապետարանի և քաղաքապետ Տարոն Մարգարյանի հատուկ վերաբերմունքը սիրիահայ ընտանիքներին աջակցելու հարցում:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանի դռները բաց են բոլորի համար և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է օժանդակել ու համապատասխան քայլեր ձեռնարկել: