Դեմ ըլլալով կո՞ղմ…
Դեռևս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էր խոսում «գոտիները ձգելու» մասին: Գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ օպտիմալացում է պահանջում: Եվ երկրի օրենսդիր մարմնում «2017 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ վարչապետի ուշադրության կենտրոնում է այս հարցը: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր դեռ նախորդ տարի բարձրացրել այս հարցը: Այս անգամ էլ բյուջեի քննարկման ժամանակ պատգամավորը խնդրեց հստակեցնել, թե ինչ եղավ այս հարցը, ինչին Դավիթ Հարությունյանն արձագանքեց, թե հիմա վարչապետը հանձնարարություն է տվել փոխմարզպետներին, որպեսզի առաջարկություններն ու իրենց տեսլականը ներկայացնեն հարցի վերաբերյալ, ապա որոշումն արդեն կլինի:
Henaran.am-ն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ խնդրեց մի քանի մարզպետներից: Նկատենք, որ վերջիններս հիմնականում տեղյակ չէին, որ նման հարց կա կառավարության ուշադրության տիրույթում, և կարծես թե կողմ չեն այս գաղափարին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նշեց, որ մարզը շատ մեծ է, և իր 3 տեղակալներն էլ հավասարաչափ գործառույթներ ունեն՝ մարզի վարչական տարածքներում կարևորագույն խնդիրների լուծման գործում:
Շիրակի մարզն ունի 2 մարզպետ, և մարզի ղեկավար Հովսեփ Սիմոնյանը տեղեկացրեց, որ կոալիցիոն գործընթացների բերումից իրենց մոտ ավելացում չի եղել, հակառակը՝ աշխատակիցների թվի կրճատում է եղել. «Եվ մենք այսօր ունենք այն օպտիմալ թվաքանակը, որ կա մեր մարզի առաջնային խնդիրները լուծելու համար»,-նկատեց նա:
Վայոց ձորի մարզպետ Հարությունյան Սարգսյանն ունի 2 տեղակալ, և մեր հարցին, թե համաձայն է, որ փոխմարզպետների կրճատում լինի, պատասխանեց. «Յուրաքանչյուր փոխմարզպետ ունի իր վրա դրված առաջադրանքները, խնդիրները և այդ խնդիրներով իրենք աշխատում են, մենք 2 փոխմարզպետ ունենք, և անհրաժեշտության չկա կրճատելու»:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, որ 3 տեղակալ ունի, մեզ հետ զրույցում նկատեց, որ երբ հարցը քննարկվի, կորոշեն արդյունավետությունը և կտեսնեն՝ կրճատման հարկ կա, թե ոչ: «Յուրաքանչյուրն իր ոլորտներում աշխատում է հիմա, բայց եթե մոտեցումը լինի, արդյունավետ պայմաներ կստեղծվեն աշխատանքի համար»,-ասաց նա:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը, սակայն մեզ հետ զրույցում, նկատեց, որ հարկ է կրճատել այնքանով, որ յուրաքանչյուր մարզ ունենա մեկ փոխմարզպետ, օրինակ՝ երբ մարզպետը կբացակայի, հենց տեղակալը նրան կփոխարինի:
Իհարկե, լավ է, որ կրճատումներ են արվում, սակայն մյուս կողմից էլ գործազրկության խնդիրն է առաջանում…